Վրաստանի ու Ռուսաստանի ներկայացուցիչները քննարկել են տրանսպորտային հաղորդակցությանն առնչվող հարցեր

15:55 • 09.07.13

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը և Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել են ՌԴ-ի և Վրաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությանն առնչվող հարցեր, հայտնում է apsny.ge-ն՝ ՌԴ-ի արտաքին քաղաքական գերատեսչությանը հղումով։

 

«Կարծիքներ են փոխանակվել երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցության ոլորտի վերաբերյալ։ Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

Հունիսի սկզբին Պրահայում կայացել էր Մոսկվայի և Թբիլիսիի միջև դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո երկու երկրների ներկայացուցիչների երրորդ հանդիպումը։


Առաջին հանդիպումը կայացել էր Ժնևում, դեկտեմբերի 14-ին, իսկ երկրորդը՝ մարտի 1-ին, Պրահայում։


Հանդիպումների ձևաչափը չի նախատեսում քաղաքական հարցերի քննարկում, այլ նախատեսում է կոնկրետ հարցեր առևտրի վերականգնման, տրանսպորտային հաղորդակցության, մշակութա-հումանիտար համագործակցության վերաբերյալ։