Բոլիվիայում ցուցարարներն այրել են ԱՄՆ-ի և Եվրոպական երկրների դրոշները
Բոլիվիայի մայրաքաղաքում ԱՄՆ դեսպանատան մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում հարյուրավոր ցուցարարներ այրել են ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների դրոշները՝ ի նշան Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի նկատմամբ վերաբերմունքի։
Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, ոստիկանները չեն խոչընդոտել ցույցին, ինչպես նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի և Պորտուգալիայի դրոշներն այրելուն։ Այդ 4 եվրոպական երկրները հրաժարվել էին թույլատրել նախագահ Մորալեսի ինքնաթիռի թռիչքն իրենց երկրների օդային տարածքում՝ մտավախություն ունենալով, որ օդանավում կարող էր գտնվել ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը։
Բողոքի ակցիայի մասնակիցները պայթուցիկներ են նետել և հակաամերիկյան կարգախոսներ վանկարկել։
Ավելի վաղ Էվո Մորալեսը լատինամերիկյան մի շարք երկրների ղեկավարների հետ արտակարգ հավաքի ընթացքում նախազգուշացրել էր, որ կարող է փակել ԱՄՆ դեսպանատունը, որի իշխանություններին նա մեղադրում է եվրոպական երկրների վրա ճնշում գործադրելու համար՝ իր ինքնաթիռի համար օդային տարածքը փակելու հարցում։
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Էվո Մորալեսի ինքնաթիռը չնախատեսված վայրէջք էր կատարել Վիեննայում, երբ մի շարք եվրոպական երկրներ փակել էին օդային տարածքը նախագահական ինքնաթիռի համար։










