Եգիպտոսում երեխաները մահանում են արցունքաբեր գազից. բախումների ականատեսներ
Եգիպտոսում գահընկեց նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների կազմակերպած բողոքի ակցիաների ընթացքում ավելի քան 50 մարդ է զոհվել։ «Մուսուլման եղբայրներ» շարժման անդամների խոսքերով՝ անվտանգության ուժերը կրակ են բացել հավաքվածների ուղղությամբ։ Սակայն զինվորականները հերքում են այս տեղեկատվությունը՝ հավաստիացնելով, որ կրակել են զինված մարդկանց ուղղությամբ։
Russia Today-ի՝ Կահիրեում գտնվող թղթակիցը հաղորդել է, որ ճշգրիտ տեղեկություն ստանալը շատ դժվար է։ Նա եղել է դաշտային հոսպիտալում և լսել է ականատեսներին։
Հոսպիտալի բժիշկներից Հասան Ահմեդը հաղորդել է, որ իրենց մոտ կան երեխաներ, կանայք, տարեցներ և երիտասարդներ՝ տարբեր վնասվածքներով. հիմնականում վնասված է կուրծքն ու թիկունքը։
Ականատեսները պատմում են, որ առավոտյան աղոթելիս տեսել են «ալլահ աքբար» բղավող մարդկանց, որոնք կրակ են բացել։ Հետո կրակել են նաև անվտանգության ուժերը։
Ականատեսներից Ռաֆաաթ Մուսթաֆան պատմել է հետևյալը. «Մեր դեմ արցունքաբեր գազ և փամփուշտներ էին կիրառում։ Ցավն այն է, որ մեր հետ կային կանայք և երեխաներ։ Երեխաները շնչահեղձ էին լինում։ Նրանցից 5-ը մահացան։ Հարյուրավոր գնդակներ են արձակվել մեզ վրա թիկունքից։ Մարդիկ գետին էին ընկնում, սակայն կրակում էին նաև նրանց, ովքեր արդեն գետնին էին»։
Երկրի իշխանություններն իրենց հերթին խոստացել են հետաքննել ցուցարարների ուղղությամբ կրակ բացելու տեղեկատվությունը:
Հիշեցնենք, որ «Մուսուլման եղբայրների» հազարավոր կողմնակիցներ հավաքվել էին Կահիրեի կենտրոնական հրապարակում՝ մասնակցելու նախօրեին զոհվածների հոգեհանգստի արարողությանը:










