Սաակաշվիլին «գովել» է Պուտինին Վրաստանին հարգելու համար

13:00 • 09.07.13

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խոստովանել է, որ ռուսական կառավարությունը հանրապետությանը հարգանքով է վերաբերվել, տեղեկացնում է «Новости-Грузия» կայքը։

 

Միևնույն ժամանակ Սաակաշվիլին դժգոհություն է հայտնել «Ռոսպոտրեբնադզորի» (ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող մարմին-Tert.am) ղեկավար Գենադի Օնիշչենկոյի վերաբերմունքից, որի ղեկավարած գերատեսչությունից է կախված ՌԴ վրացական գինու արտահանումը։

 

«Ցանկանում եմ խոստովանել, որ Պուտինը մեզ հարգանքով էր վերաբերվում՝ նա մեզ իբրև թշնամի էր ընկալում, մենք գիտենք, չէ՞, թե ինչպես է այժմ վերաբերվում Օնիշչենկոն։ Ինչո՞ւ, որովհետև մենք գլուխներս բարձր պահած երկիր էինք, քանի որ միջազգային աջակցություն ունեինք...»,-ասել է Վրաստանի նախագահը՝ հավելելով, որ այժմ Վրաստանի կշիռը, Ռուսաստանի տեսանկյունից, նվազել է։

 

Թե կոնկրետ Օնիշչենկոյի ո՞ր խոսքերն են Սաակաշվիլիի դժգոհության պատճառ դարձել, չի նշվում։ Սակայն 2012թ.-ի վերջում «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավարն Известия-ին տված հարցազրույցում օգտագործել էր «փոքրիկ կվազիպետություն» արտահայտությունը։