Տարոն Մարգարյանը հանդիպել է լատվիրացի անվանի երգահան Ռայմոնդ Պաուլսին
Պաշտոնական այցով Ռիգայում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ջազմեն Լևոն Մալխասյանի և Երևանի ավագանու անդամ Հրանտ Թոխատյանի հետ միասին, Ռայմոնդ Պաուլսի հրավերով հյուրընկալվել են լատվիացի հայտնի երգահանին, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Ողջունելով քաղաքապետին և նրան ուղեկցող պատվիրակության անդամներին՝ Ռայմոնդ Պաուլսը նախ շնորհավորել է հյուրերին Երևանի և Ռիգայի միջև եղբայրացման համաձայնագիր կնքելու կապակցությամբ:
Հայտնի երգահանը նաև հույս է հայտնել, որ ստորագրված համաձայնագրի շրջանակում էլ ավելի կսերտանան նաև երկու մայրաքաղաքների միջև առկա մշակութային հարաբերությունները:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին վստահեցրել է, որ Ռիգայի հետ փոխշահավետ համագործակցությունն իսկապես մեծ ներուժ ունի, այդ թվում նաև մշակույթի ոլորտում:
Օգտվելով առիթից՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ռայմոնդ Պաուլսին հրավիրել է աշնանը մասնակցելու «Էրեբունի-Երևան 2795» տոնակատարություններին:
Հայտնի երգահանը սիրով ընդունել է Տարոն Մարգարյանի հրավերն ու խոստացել անպայման այցելել Երևան և երևանցիների հետ միասին տոնել քաղաքի օրը:










