Սնոուդենը համաձայնել է Վենեսուելայի՝ քաղաքական ապաստանի մասին առաջարկին
ՌԴ Պետդումայի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը հայտնել է, որ ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը համաձայնել է Վենեսուելայի՝ քաղաքական ապաստան տրամադրելու առաջարկին, տեղեկացնում է РИА Новости-ն:
Twitter-ի իր միկրոբլոգում Պուշկովը գրել է. «Ինչպես և ակնկալվում էր, Սնոուդենը համաձայնել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առաջարկին: Հավանաբար, այս տարբերակը Սնոուդենին ամենահարմարն է թվացել»:
Հիշեցնենք, որ Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր, որ հուլիսի 8-ին Սնոուդենն ապաստան տրամադրելու խնդրանքով դիմել է Վենեսուելային: Ավելի վաղ Վենեսուելայի նախագահն ինքն էր ապաստան առաջարկել Սնոուդենին իր երկրում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը հետախուզվում է ԱՄՆ-ի կողմից՝ գաղտնի տեղեկություններ հրապարակելու մեղադրանքով:










