«Մուսուլման եղբայրները» հրաժարվել են ընդգրկվել Եգիպտոսի կառավարության նոր կազմում
«Մուսուլման եղբայրներ» շարժման անդամները չեն ընդգրկվի Եգիպտոսի կառավարության նոր կազմում, որը ձևավորելու է նոր վարչապետ Հազեմ Բաբլաուին։ Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, այդ մասին հայտարարել է շարժման ներկայացուցիչը։
«Մենք չենք համագործակցի և կմերժենք այն ամենը, ինչ բխում է այդ ռազմական հեղաշրջումից»,-հայտարարել է շարժման պաշտոնական ներկայացուցիչ Թարեք Մուրսին։
Նախօրեին նոր վարչապետ Հազեմ Բաբլաուին «Ազատություն և արդարություն» կուսակցությանը պաշտոններ էր խոստացել նոր կաբինետում։
Հուլիսի 4-ին «Մուսուլման եղբայրներ» շարժման գործադիր մարմնի անդամ, շեյխ Աբդել Ռահման ալ-Բարը հայտարարել էր, որ չեն համագործակցի «բռնատիրական իշխանության» հետ։
Հիշեցնենք, որ անցած չորեքշաբթի Եգիպտոսի ռազմական հրամանատարությունը պաշտոնանկ էր արել նախագահ Մուհամեդ Մուրսիին ու նրան կալանքի տակ առել։ Նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարում է Սահմանադրական դատարանի նախագահ Ադլի Մանսուրը։ Իսկ Մուրսիի աջակիցների ու հակառակորդների միջև բախումների հետևանքով գրանցվել են տասնյակ զոհեր։










