Թուրք դեսպանը կանչվել է Եգիպտոսի ԱԳՆ. Թուրքիային մեղադրում են Եգիպտոսի գործերին միջամտելու համար

09:39 • 10.07.13

Եգիպտոսի արտգործնախարարություն է կանչվել Կահիրեում Թուրքիայի դեսպանը՝ ի նշան Անկարայի կողմից Եգիպտոսի ներքին գործերին միջամտելու դեմ բողոքի, տեղեկացնում է Взгляд-ը՝ Reuters-ին հղումով։

 

Եգիպտոսի արտգործնախարարության այդ քայլը հետևել է Թուրքիայի հնչեցրած հայտարարություններին՝ նախագահ Մուհամեդ Մուրսիի տապալման հետ կապված։ Անկարան կարծում է, որ ռազմական միջամտությունը Եգիպտոսում չի արտահայտում ժողովրդի կամքը և երկրին կոչ էր արել վերադառնալ դեպի ժողովրդավարություն։

 

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Մուրսիի տապալումը «ռազմական հեղաշրջում» էր անվանել։


Հիշեցնենք, որ Եգիպտոսի բանակը տապալել էր իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիին և ժամանակավորապես դադարեցրել Սահմանադրության գործունեությունը, իսկ երկրի ղեկավարի լիազորությունները կատարում է Սահմանադրական դատարանի ղեկավար Ադլի Մանսուրը։


Դրանից հետո սկսված բախումների ընթացքում զոհվել և վիրավորվել են տասնյակ մարդիկ։