Գարի Կասպարովը բարեգործական այց է կատարել Ուգանդա (լուսանկարներ)

09:29 • 10.07.13

ՌԴ-ի ընդդիմադիր գործիչ, շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովն այցելել է Ուգանդա, գրում է ուգանդական The Daily Monitor-ը։

 

«Գրոսմայստերը հոգնած տեսք ուներ աֆրիկյան երկրներ կատարած կարճատև, սակայն լարված այցերի պատճառով, որոնք կազմակերպվել են նրա հիմնադրամի կողմից»,- ասվում է հոդվածում, որը փոխանցում է gazeta.ru-ն։

 

Այցի ընթացքում ռուս ընդդիմադիրը հանդիպել է, մասնավորապես, Ուգանդայի շախմատի ֆեդերացիայի (UCF) անդամների և այլ պաշտոնատար անձանց հետ։ Ինչպես գրում է ևս մեկ տեղական թերթ՝ The New Vision-ը, Կասպարովը խոստացել է աջակցել երկրում շախմատի զարգացման բարեգործական նախագծին։


«Նա խնդրել է մեզ առանձնացնել 10 պիլոտային դպրոց, որոնց նա կտրամադրի տախտակներ և ժամացույցներ, ինչպես նաև համապատասխան գրականություն»,- ասել է UCF-ի քարտուղար Քրիստոֆեր Տուրիահաբվեն։

 

Նրա խոսքով՝ Կասպարովը ցանկություն է հայտնել, որպեսզի նման դպրոցները գյուղական լինեն և դրանցում սովորեն 6-11 տարեկան երեխաներ։

 

Իր հերթին, Կասպարովն ասել է, որ իր Kasparov Chess Foundation կազմակերպությունը նմանատիպ ծրագիր է սկսել նաև Հարավաֆրիկյան Հանրապետությունում։

 

Նա Ուգանդա է այցելել Քենիայից, այնուհետ ծրագրում է լինել Ռուանդայում, Զամբիայում։