Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին խնդրել է ուսումնասիրել Սիրիա լիբիական զենքի մատակարարումները

10:05 • 10.07.13

Ռուսաստանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների կիրառման հանձնաժողով՝ խնդրելով ուսումնասիրել Սիրիա լիբիական զենքի հնարավոր մատակարարումները, ինչը գործող էմբարգոյի խախտում է։ Ինչպես հայտնում է Взгляд-ը, այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը։
 

«Մենք հույս ունենք, որ համապատասխան նամակներ կուղարկվեն բոլոր այն երկրներին, որոնք հիշատակվում են որպես լիբիական զենքի մատակարարման աղբյուրներ»,-ասել է դիվանագետը։

 

Սիրիա նռնականետներ, հակատանկային սպառազինություն մատակարարելու մասին, մասնավորապես, հունիսի վերջին գրել էր New York Times պարբերականը։ Հիմնվելով սիրիացի ապստամբների, մաքսանենգների, նաև մի շարք երկրների պաշտոնատար անձանց խոսքերի վրա՝ պարբերականը եկել էր այն եզրահանգման, որ Կատարի ֆինանսական աջակցությամբ սիրիացի ապստամբները զինվում են Լիբիայից բերված զենքերով։

 

Թերթը նաև պնդում է, որ Սիրիա զենք է մտնում ինչպես ծովային ճանապարհով, այնպես էլ օդային՝ Կատարի օդուժի ինքնաթիռներով, որոնցով այն հասնում է Թուրքիայում գտնվող սիրիական ընդդիմության առաջնորդներին։

 

ՌԴ-ի արտգործնախարարության ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հուլիսի 5-ին կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել էր, որ եթե այդ փաստերը հաստատվեն, դա կնշանակի, որ դա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Լիբիայի հարցով համապատասխան էմբարգոյի կոպիտ խախտում է։