Մեքսիկացին ապաստան է ստացել ԱՄՆ-ում՝ իր 11 բարեկամներին սպանած հանցախմբի սպառնալիքներից հետո
ԱՄՆ-ի իշխանություններն ապաստան են տրամադրել Մեքսիկայի մի քաղաքացու, ով լուրջ սպառնալիքներ է ստացել իր բարեկամներից 11-ին սպանած հանցախմբի կողմից։
Ինչպես հայտնում է Лента-ն` Agence France Presse-ին հղումով, 32-ամյա Քրիստիան Չաիդեսն ամերիկացի իրավապահներին պատմել է, որ 2009-2012թթ. ընթացքում Ամերիկայի հետ սահմանին գտնվող Սյուդադ Խուարես քաղաքում հանցախմբի անդամները սպանել են իր 11 բարեկամներին այն պատճառով, որ վերջիններս հրաժարվել են գումար վճարել նրանց։
Չաիդեսի փաստաբանը նշել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները հազվադեպ են ապաստան տրամադրում մեքսիկացիներին, սակայն այս դեպքը բացառիկ է և իրեն հաջողվել է համոզել դատարանին։
Սյուդադ Խուարեսը համարվում է Մեքսիկայի ամենավտանգավոր քաղաքը և աշխարհում սպանությունների թվով առաջատարներից մեկը։ Անցած 6 տարվա ընթացքում այստեղ 10 հազարից ավելի մարդ է սպանվել։










