Մուրսին գտնվում է «անվտանգ վայրում». Եգիպտոսի ԱԳՆ ներկայացուցիչ

17:19 • 10.07.13

Եգիպտոսի պաշտոնանկ նախագահ Մուհամեդ Մուրսին գտնվում է «անվտանգ վայրում», և նրան դեռևս որևէ մեղադրանք չի առաջադրվել։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին հայտարարել է երկրի արտգործնախարարության ներկայացուցիչը։

 

«Մուրսին անվտանգ վայրում է՝ իր իսկ անվտանգության համար։ Նրա հետ հարգանքով են վերաբերվում։ Այս պահին նրան մեղադրանք չի առաջադրվել»,-հայտարարել է ԱԳՆ ներկայացուցիչ Բադր Աբդելաթին։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մուրսին պահվում է եգիպտական զինված ուժերի օբյեկտներից որևէ մեկում։ Գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ նա կալանքի տակ կմնա մինչ հետաքննության ավարտը։ Քննիչները Մուրսիին կասկածում են «արդարադատությանը խոչընդոտելու» համար։

 

Անցյալ շաբաթ Եգիպտոսի բանակն իշխանությունից զրկել էր Մուրսիին՝ ժամանակավորապես դադարեցնելով Սահմանադրության գործունեությունն ու երկրի ղեկավարի պաշտոնը ժամանակավորապես հանձնելով Սահմանադրական դատարանի ղեկավար Ադլի Մանսուրին։