ԱՄՆ-ն նախազգուշացրել է Ռուսաստանին չօգնել Սնոուդենին
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին աջակցելը՝ ապաստան որոնելու հարցում, կազդի ռուս-ամերիկյան հարաբերությունների վրա։ Ինչպես հայտնում է Взгляд-ը, այդ մասին նախազգուշացրել է ԱՄՆ-ի պետդեպի ներկայացուցիչ Ջենիֆեր Փսակին՝ նշելով, որ դեռ Ռուսաստանի հետ այդ հարցով բանակցություններն արդյունավետ են։
Նա տեղեկացրել է, որ ամերիկյան կողմը Ռուսաստանի հետ այդ հարցի շուրջ երկխոսությունն «արդյունավետ» է համարում և մատնանշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն այդ հարցի առնչությամբ։
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՌԴ-ի ղեկավարն ասել էր. «Եթե նա ցանկանա մնալ այստեղ, ապա կա մեկ պայման՝ նա պետք է դադարեցնի մեր ամերիկացի գործընկերներին վնասող գործունեությունը»։
Պուտինը նաև ընդծել էր, որ Ռուսաստանը չի պատրաստվում հանձնել Սնոուդենին։ «Ռուսաստանը երբեք ոչ մեկին չի հանձնել և չի պատրաստվում հանձնել»,-ասել էր Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե ինչ պայմաններով է Ռուսաստանը պատրաստ հանձնել Սնոուդենին։
Պետքարտուղարության ներկայացուցիչը նախօրեին հայտարարել էր, որ ցանկացած պետության հետ, որը կհամաձայնի ապաստան տրամադրել Կենտրոնական հետախուզական վարչության աշխատակից Էդվարդ Սնոուդենին, ինքնաբերաբար հարաբերությունները կվատանան։










