Սպիտակի քաղաքապետը մարդ է ծեծել

17:24 • 10.07.13

Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է մի քաղաքացու հետ և հարվածել վերջինիս: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ոստիկանության Սպիտակի բաժնում երեկ՝ հուլիսի 9-ին, հաղորդում է ստացվել Սպիտակ քաղաքում տեղի ունեցած միջադեպի փաստով: Ժամը 14:40-ի սահմաններում Տեր-Սիմոնյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 48-ամյա Գագիկ Սահակյանը հարվածել է նշված փողոցի 64 տան բնակիչ, 71-ամյա Լևիկ Մարյանին: Հարվածի հետևանքով Մարյանը վայր է ընկել և ստացել մարմնական վնասվածք: Մարյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Սպիտակի ոստիկանությունում նախապատրաստված նյութերը այսօր արդեն Լոռու մարզի դատախազ Հակոբ Ղարախանյանի ցուցումով փոխանցվել են մարզի դատախազություն: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ քաղաքապետն արդեն իսկ ոստիկանությունում բացատրություն է տվել և խոստովանել, որ հարվածողն ինքն է եղել և որ հարվածի հետևանքով քաղաքացին վայր է ընկել:

Լուսնկարը՝ Shamshyan.com-ի