«Օրենքով գողը» ցուցմունք է տվել նախկին նախարար Բաչո Ախալայայի դեմ
Բաչո Ախալայային չէր հետաքրքրում «օբշյակի» գումարը (200 հազար լարի), նրան հետաքրքրում էր «օրենքով գողերի» ցուցակը։ Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, սա հատված է «օրենքով գող» Պաատա Մամարդաշվիլիի՝ Վրաստանի պաշտպանության և ներքին գործերի նախկին նախարար Բաչո Ախալայայի դեմ տված ցուցմունքից։
Նրա ցուցմունքը Facebook սոցիալական ցանցում հրապարակել է Բաչո Ախալայայի կինը։ Անի Նադարեիշվիլին տեղեկացրել է, որ սա «օրենքով գող» Պաատա Մամարդաշվիլիի ցուցմունքն է, որի հիման վրա Բաչո Ախալայային մեղադրանք է առաջադրվել։
«Բաչո Ախալայային չի հետաքրքրել «օբշյակի» գումարի չափը, նրան հետաքրքրում էր «գողերի» ցուցակը, քանի որ Ախալայան ցանկանում էր կոտրել գողերի մեջքը և ամեն ինչ վերահսկողության տակ պահել, հենց դրա համար էլ նրանք փնտրում էին ցուցակները»,-ասված է ցուցմունքում։
«Ես չգիտեմ՝ ինչպես անվանել այս գործը, բառերը չեն հերիքում։ Ո՞ր երկրում են դատում նախկին ուժայիններին «գողերի» ցուցմունքների հիման վրա, այն էլ նախարարին, ով իր և իր ընտանիքի կյանքի գնով պատերազմ էր հայտարարել «գողական աշխարհի» դեմ և հաղթել չարիքին»,-գրել է Անի Նադարեիշվիլին։










