Իրաքում ահաբեկչությունների հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ

23:35 • 11.07.13

Այսօր Իրաքում մի շարք ահաբեկչությունների և գրոհայինների հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:


Ըստ իրաքյան ԶԼՄ-ների, Էլ-Հադիտա և Բայջի քաղաքների միջև գտնվող մայրուղու վրա ծայրահեղականները հարձակվել են պարեկային խմբի վրա, ինչի հետևանքով զոհվել է ուժային կառույցների 15 աշխատակից: Զոհերի մեծ մասը երկրի նավթային օբյեկտների անվտանգության աշխատակիցներ են:


Իսկ Դիյալա նահանգի ադմինիստրատիվ կենտրոնի՝ Բաակուբա քաղաքի մոտակայքում մահապարտը իրեն պայթեցրել է հուղարկավորության ժամանակ. զոհվել է առնվազն 5 մարդ, իսկ 15-ը վիրավորվել են: Մայրաքաղաք Բաղդադի հարավում Էդ-Դորա թաղամասում ոստիկանական հսկիչ անցագրային կետի մոտ պայթել է ականապատ մեքենա՝ սպանելով 3 մարդու և վիրավորելով 7-ի:


Բացի այդ Ռամադի քաղաքից 15 կմ հեռավարության վրա՝ Էլ-Ջազիրա շրջանում, մահապարտը գրոհել է ոստիկանության պահակակետի վրա: Այս հարձակման արդյունքում զոհվել է 3 ոստիկան, իսկ 4-ը վիրավորվել են: Տուզ-Հուրմատում պայթել է ականապատ մեքենան, ինչի հետևանքով ավերվել են 12 տներ և այրվել են 4 մեքենաներ: Այս ահաբեկչության զոհ է դարձել 6 մարդ, իսկ 8-ը վիրավորվել են:


Իրաքյան իշխանությունների ներկայացուցիչները հայտարարում են, որ վերջին շրջանում երկիր են ներթափանցել սիրիական գրոհայինների խմբեր, որոնք ծրագրում են մուսուլմանների համար սուրբ Ռամադան ամսվա ընթացքում ահաբեկչություններ կատարել: