Իվանիշվիլին մտահոգ է ռուսական կողմի սադրանքներով
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մտահոգված է վրաց-օսական հակամարտության գոտում առկա իրավիճակով, տեղեկացնում է Грузия online-ը։
Եվրամիության ընդլայնման քաղաքականության ու հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ «անհասկանալի է, թե առևտրի և տրանսպորտի հարցերի շուրջ երկու երկրների դիրքորոշումների մերձեցման ֆոնին ինչու է Ռուսաստանը սրում իրավիճակը»։
«Իհարկե, դա մեզ անհանգստացնում և մտահոգում է, և մենք խիստ հայտարարություն ենք արել հակամարտության գոտում իրավիճակի վերաբերյալ, սակայն սադրանքները շարունակվում են»,-ասել է նա։
Դրանից բացի, վարչապետը դարձյալ կոչ է արել «հիստերիայի մեջ չընկնել» և համբերություն ցուցաբերել։
Ինչպես նշում է աղբյուրը, նախօրեին ռուս զինվորականները վրաց-օսական հակամարտության գոտում «շարունակել են սահմանի բարեկարգումը»։ «Այդ ընթացքում նրանք իրենց հայեցողությամբ զավթում են հողեր, որոնք պատկանում են վրացական գյուղերին»,- նշում է աղբյուրը։










