Վարորդները դժգոհում են կայանելու նոր կարգից (տեսանյութ)

09:29 • 11.07.13

Երևանում ավտոմեքենաների կայանման նոր կարգը մի շարք վարորդների շրջանում դժգոհության ալիք է առաջացրել.բողոքում են, թե ինչու պետք է իրենց շենքի դիմաց մեքենան կանգնեցնելու համար վճարեն, տաքսու վարորդներն էլ պահանջում են իրենց «հանել այդ օրենքից»:
 

Նշենք, որ արդեն մի քանի օր է մայրաքաղաքում գործում է վճարովի ավտոկայանատեղիներ կազմակերպելու նոր ընթացակարգը: Մայրաքաղաքի փողոցներում կարմիր գծանշումներով առանձնացվում են վճարովի ավտոկայանատեղիների տարածքները, տեղադրվում են ճանապարհային երթևեկության համապատասխան նշաններ, տեղեկատվական ցուցանակներ:
 

Նշված կայանատեղիներում կայանման դիմաց գումար չի գանձվում մինչև 5 րոպե տևողությամբ կանգառ կատարելու դեպքում: Հինգ րոպեից ավելի մինչև մեկ ժամ կանգնելու դեպքում վարորդները պետք է վճարեն 100, մեկ օրվա համար 500, մեկ շաբաթվա համար 1000, մեկ ամսվա համար 2000 դրամ և մեկ տարվա համար՝ 12000 դրամ: Երեկոյան ժամը 24:00-ից մինչև առավոտյան ժամը 9:00-ն կայանելու համար գումար չի գանձվի:
 

Վճարումները կատարվելու են բացառապես անկանխիկ եղանակով, նաև՝ SMS հաղորդագրության միջոցով: Կարճ հաղորդագրության դեպքում մեկ ժամվա կամ մեկ օրվա համար համապատասխանաբար անհրաժեշտ է հավաքել 1045 և 5045 համարները`տեքստում նշելով տրանսպորտային միջոցի լատինատառ պետհամարանիշը՝ առանց միջակայքի: Այս մասին նշված է նաև քաղաքի որոշ հատվածներում արդեն տեղադրված ցուցանակների վրա:
 

«Շատ բացասական եմ վերաբերում, մարդը էս շենքում ապրում ա, մեքենան կանգնեցնում ա իր շենքի առաջ, ուրեմն պիտի վճարի՞։ Եթե ես բնակվում եմ էս շենքում, մեքենան կանգնեցնում եմ իմ շենքի բակում, էլ ինչի՞ վճարեմ»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Մաշտոցի պողոտայի վրա մեքենան կանգնեցրած մի վարորդ:


Վերջինիս կարծիքով՝ դա շատ սխալ որոշում է։ «Արդեն ավելի լավ ա երևի մարդ ոտքով ման գա, հիմա էլ երևի էս մայթերով քայլելու համար որոշեն գումար վերցնել»:


Հիշեցնենք, որ «Չորրորդ իշխանություն» թերթը երեկ տեղեկացրել էր, թե Երևանի ավտոկայանատեղիների մրցույթում շահել է Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության պետ Միհրան Պողոսյանին պատկանող ընկերություններից մեկը։ Օրվա ընթացքում՝ ավելի ուշ, ԴԱՀԿ–ն հանդես եկավ հայտարարությամբ՝ հերքելով այդ տեղեկությունը։
 

Մարտին անունով մեկ այլ վարորդ Tert.am–ի հետ զրույցում ասաց, թող կանգառ սարքեն, իրենք էլ կանգնեն կանգառներում: «Բայց եթե մեր օֆիսը ստեղ ա, մենք որտե՞ղ կանգնենք, ով ինչ ուզում անում ա, պետությունն էլ գալիս ասում ա մուծեք»,- ասաց նա՝ հավելելով, որ ինքը պատրաստ չէ մուծել այդ գումարը:
 

Մեզ հանդիպած վարորդներից միայն մեկը չդժգոհեց նոր կարգից: «Նիվա» մակնիշի մեքենայի վարորդը, ով մեքենան կանգնեցրել էր վճարովի կայանատեղիում, տեղյակ չէր սահմանված նոր կարգից, բայց ասաց, որ նորմալ է, կվճարի. «Չգիտեմ՝ մնացածին ոնց, բայց ինձ որ ձեռ ա տալիս»:
 

Նոր կարգից բողոքեցին մեզ հետ զրուցած գրեթե բոլոր տաքսիների վարորդները: «Պետական մուծում ենք անում տաքսի քշելու համար, երկրորդն էլ հաճախորդը պետք է նստի, ու հաճախորդին հաստատ չենք կարող ասել, որ պետք ա 100 դրամ ավել տալ, տաքսիներին գոնե պետք ա հանեն էդ օրենքից, չենք կարող վճարել, հո չենք էլ գնա շենքի հետևում թաքնվենք, որ մարդ գա նստի»,- ասաց մի անհատ տաքսու վարորդ՝ ավելացնելով, որ հիմա տաքսիներն այնքան շատ են, կայանելու տեղերն էլ քիչ են:
 

Վարորդի խոսքով՝ ինքը դեռ որևէ մուծում չի արել, բայց ստիպված պետք է մուծի. «Ի՞նչ անենք, ուզած չուզած կվճարենք: Քաղաքապետարանն էր պայքարում, որ ոչ մի մարդ չկանգնի, գումար չգանձի, այսօր իրանք են վճարովի սարքել ամեն քայլափոխը»:
 

Ինչ վերաբերում է ուղեվարձի թանկացմանը, նա ասաց, որ իրենք 100 դրամով փորձում են բարձրացնել: «Արդեն կիլոմետրի մեջ ենք խաբում, էն ժամանակ քաղաքում մինիմալը 5,1 կմ-ից հետո էր փոխվում գումարը, հիմա նենց ենք անում, որ 4,1-ից հետո փոխի»,- անկեղծացավ նա:
 

Մեր զրուցակիցներից ոչ ոք դեռ կայանելու համար գումար չէր մուծել, ասում են՝ պետք է հեռախոսով մուծեն, իրենք էլ չգիտեն, թե դա ինչպես են անելու: