Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մինսկ

10:17 • 11.07.13

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը հուլիսի 11-ին քառօրյա աշխատանքային այցով մեկնել է Մինսկ` մասնակցելու ՀՀ ԱԺ–ի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 7-րդ նիստին, որի ընթացքում հայ խորհրդարանականները հանդես կգան ելույթներով, տեղեկացնում են ԱԺ փոխնախագահի աշխատակազմից:


ԱԺ պատվիրակության կազմում են «Հանրապետական» խմբակցության անդամ, Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը և «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:

Հուլիսի 11-ին նախատեսվում է ԱԺ պատվիրակության հանդիպումը Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ:

Նույն օրը տեղի կունենա ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հանդիպումը Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Վիկտոր Գումինսկիի հետ:
 

Հուլիսի 12-ին հայ խորհրդարանականներին կընդունի Բելառուսի Բրեստի մարզի գործադիր մարմնի նախագահ Կոնստանտին Սումարը: