Բրազիլիան ցանկանում է Սնոուդենի օգնությամբ հետաքննել ԱՄՆ-ի կողմից գաղտնալսումների դեպքերը
Բրազիլիայի իշխանությունները կարող են կապվել ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հետ, որպեսզի խնդրեն օգնել հետաքննել ամերիկյան հատուկ ծառայությունների գործունեությունը Բրազիլիայում ինտերնետ-տրաֆիկի և հեռախոսազանգերի վերահսկման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Անտոնիու Պատրիոտան։
Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, Պատրիոտայի խոսքով՝ Սնոուդենի մասնակցությունը լրտեսական սկանդալի հետաքննությանը կարևոր է։
«Ես չեմ բացառում Սնոուդենի հետ կապվելու հնարավորությունը, ինչը չի ենթադրում բրազիլական տարածքներում գտնվելու անհրաժեշտություն»,-ասել է նախարարը։
Նա նշել է, որ Բրազիլիան դարձել է առաջին պետությունը, որն ընդգծել է, որ ամերիկյան հետախուզության գործունեությունը «կիբերլրտեսության» հարցում պետք է ուսումնասիրվի միջազգային կառույցներում։
Հարավամերիկյան երկիրը մտադիր է դիմել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովին։
Հիշեցնենք, որ Էդվարդ Սնոուդենը, ով սկանդալային բացահայտումներ էր արել ամերիկյան հետախուզության կողմից իրականացվող գաղտնալսումների մասին, դեռ գտնվում է ռուսական «Շերեմետևո» օդանավակայանի տարանցիկ գոտում։
Նա չի կարողանում լքել օդանավակայանը, քանի որ ԱՄՆ-ի իշխանությունները չեղյալ են համարել նրա ամերիկյան անձնագիրը։
Սնոուդենին ապաստան են առաջարկել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան։ Թե որ երկիրը կընտրի Սնոուդենը, դեռևս հայտնի չէ։










