«Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերությունը սնանկացման եզրին է. Коммерсантъ

15:25 • 11.07.13

Superjet ինքնաթիռներ արտադրող «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» (ՍՔԻ) ընկերությունը սնանկացման եզրին է։ Այդ մասին գրում է «Коммерсантъ» թերթը՝ անանուն աղբյուրներին հղումով, որոնք ծանոթ են ընկերության փրկությանն ուղղված բանակցությունների ելքին։

 

Թերթի տվյալներով՝ ընկերությունը 2.1 մլրդ դոլարի պարտք է կուտակել և խախտել է մի շարք վարկային պարտավորություններ։

 

Այսպիսով՝ 2012թ.-ին ընկերությունը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին ուշացրել է վճարումները, ինչպես նաև խախտել վարկային պայմանավորվածությունները պետական «Վնեշէկոնոմբանկի» և եվրոպական WestLB բանկի հետ։

 

ՍՔԻ-ի ձեռք բերած պայմանավորվածության համաձայն՝ 2013թ.-ի ընթացքում բանկերը չպետք է պահանջեն վարկերի անհապաղ վերադարձ, սակայն այդ ընթացքում ընկերությունը պետք է հաղթահարի ֆինանսական դժվարությունները։ Եթե մինչև տարեվերջ Superjet-ին չհաջողվի գումար գտնել, ապա ստիպված կլինի դեֆոլտ հայտարարել։

 

Անանուն աղբյուրների խոսքերով՝ ներկայում ՍՔԻ-ի ճակատագիրը քննարկում են համապատասխան նախարարություններն ու վարկատուները։

 

Մոտ 600 մլն դոլար ընկերությունը պարտք է պետական «Վնեշէկոնոմբանկին»։
 

Մյուս վարկատուների հետ ՍՔԻ-ն կարող է պարտատոմսեր թողարկել՝ 0,6-1 մլրդ դոլարի չափով։

 

Տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել։

 

Նշենք, որ «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահն է հայազգի Միխայիլ Պողոսյանը։