ՄԱԿ-ի ներկայացուցիչները կմեկնեն Դամասկոս՝ քիմիական զենքի կիրառման հարցով բանակցելու
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ընդունել են Սիրիայի կառավարության հրավերը՝ Դամասկոսում քիմիական զենքի կիրառման հարցերը քննարկելու համար։
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, այդ մասին հայտնել է ՄԱԿ–ի մամուլի ծառայությունը։
Սիրիայի կառավարության հետ բանակցությունների մեկնելու են ՄԱԿ-ի՝ Սիրիայում քիմիական զենքի հնարավոր կիրառումը հետաքննող առաքելության ղեկավար Օկե Սելլստրեմը և զինաթափման հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Անջելա Քեյնը։
Նախատեսվում է, որ բանակցությունների ընթացքում նրանք Սիրիայի իշխանությունների հետ կքննարկեն հակամարտության ընթացքում քիմիական զենքի կիրառման դեպքերի ուսումնասիրության հարցերը՝ ՄԱԿ-ի հովանու ներքո։
Վերջին ամիսների ընթացքում կառավարական զորքերն ու ապստամբները միմյանց մեղադրում են շարունակվող քաղաքացիական պատերազմի ընթացքում քիմիական զենքի կիրառման մեջ։
2013 թ.-ի գարնանը քիմիական զենքի կիրառման դեպքերի մասին հայտարարել էին Իսրայելի և ԱՄՆ-ի հետախուզությունները, իսկ ավելի ուշ՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի պաշտոնական ներկայացուցիչները։
Հուլիսի 9-ին ՄԱԿ-ում Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել էր, որ ՌԴ փորձագետները դեպքերը վերլուծելով եկել են այն եզրահանգման, որ ապստամբները 2013թ.-ի գարնանը Հալեպի մոտակայքում քիմիական զենք են կիրառվել։










