Ասոցացման համաձայնագիրը նոր թափ կհաղորդի ՀՀ-ԵՄ հարաբերություններին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

13:16 • 12.07.13

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց դեպի Եվրոպա տանող տնտեսական համագործակցության քայլերի դրական կողմերի մասին։ Ու դրական կողմերը ներկայացրեց ի պատասխան Tert.am-ի այն դիտարկման, թե ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպանը Եվրոպան նկատի ունենալով հայտարարել էր, որ «դեպի դժոխք տանող ճանապարհը հարթեցվում է բարի ճանապարհներով»։
 

«Հայաստանում արդեն ավարտին են մոտենում ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները, որն ունի նաև տնտեսական առևտրային բաղադրյալ։ Նախանշված է, որ այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում վերջնամշակումից հետո տեղի կունենա համաձայնագրի նախաստորագրման արարողությունը։ Ես ասեմ, որ սա կարևոր ձեռքբերում է, և այս առումով ես կցանկանայի իմ շնորհավորանքներն ուղղել Հայաստանին, որ իր ստանձնած պարտավորությունները ավարտին հասցնելու փուլում է»,- հայտարարեց դեսպանը և ընդգծեց, որ Ֆրանսիան երբեք չի կասկածել, որ Հայաստանն ի զորու է ստանձնել իր առջև դրված պարտավորությունները։


«Ես՝ որպես դեսպան, իմ գոհունակությունն եմ հայտնում, որ Հայաստանը նման առաջընթաց կարողացել է գրանցել։ Այս պայմանագիրը իսկապես նոր թափ պետք է հաղորդի ՀՀ -ԵՄ հարաբերություններին։ Բնականաբար, ենթադրվում է օրենսդրական առումով որոշակի փոփոխություններ, իսկ նման փուլի ավարտից հետո այն ենթադրում է տնտեսության շոշափելի արդիականացում, որից անմանս չեն մնալու առևտրատնտեսական փոխանակումները»,- ասաց նա։


Իսկ բուն հայտարարությունների առումով և ընդհանրապես ռուսական կողմից հնչող ճնշումներին դեսպանը պատասխանել չցանկացավ։ «Դեսպանի գործառույթի մեջ չի մտնում մեկնաբանել մեկնաբանությունները»։


Խոսելով Ասոցացման պայմանագրի դրական կողմերից, ընդգծեց, որ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը չի կարող խոչընդոտել այլ երկրների հետ Հայաստանի հարաբերություններին։ «Նման համագործակցությունը ոչ մի կերպ չի կարող խոչընդոտել այլ երկրների հետ իր ցանկացած հարաբերություններին, այդ թվում և Ռուսաստանի։ Ի դեպ, Ֆրանսիայի համար Ռուսաստանը նույնպես առաջնային դիրք գրավող երկրներից է»,- ասաց նա։


Լրագրողներից մեկը նկատեց, որ ԵՄ-ի կողմից պարտադրվող սկզբունքները ոչ միշտ են օգտագործվում ի բարօրություն մարդու իրավունքների՝ նկատի ունենալով միասեռականների իրավունքները։ Դեսպանը նախ կասկածեց, թե ասվածը ճիշտ է հասկացել, ապա նշեց, որ ԵՄ-ն Հայաստանին երբեք ոչինչ չի պարտադրել։


«ԵՄ-ն ոչ մի դեպքում ոչինչ չի պարտադրում Հայաստանին։ Ինչ վերաբերում է գործընթացների առաջընթացին, ամեն ինչ տեղի է ունենում երկխոսության և համաձայնության արդյունքում»,- ասաց նա։


Ի դեպ, այսօր հանդիպման առիթը Ֆրանսիայի ազգային տոնն էր՝ Բաստիլի գրավման 224-րդ տարեդարձը։ Դեսպանը նշեց, որ միշտ էլ առիթ կլինի նոր բաստիլներ գրավելու։


Ինչ վերաբերում է հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա փուլին, դեսպանը նշեց, որ այն բոլոր ոլորտներում բարձր մակարդակի վրա է։


«Քաղաքական տեսանկյունից, հագեցած հանդիպումների հաճախականությունն արդեն խոսում է այդ հարաբերությունների բարձր մակարդակի մասին։ Տարի չկա, որ չգրանցվեն պետական բարձր պաշտոնյաների մակարդակով հանդիպումներ։ Տնտեսական հարաբերությունները նույնպես բարձր մակարդակ են գրանցել, որովհետև Ֆրանսիան համարվում է արևմտյան թիվ մեկ ներդնողը Հայաստանում, միտում որն ավելի հակված է ավելանալու, և ես հույս եմ ունեմ, որ մոտ ապագայում նոր նախաձեռնություններ, տնտեսական համագործակցություններ կլինեն»,-ասաց նա։