Բրազիլիայում մահացած նորածինը վերակենդանացել է եկեղեցում
Բրազիլիայում տեղի է ունեցել արտառոց դեպք. ինչպես նշում է Daily Mail-ը, Լոնդրինա քաղաքում լույս աշխարհ գալուց հետո անմիջապես մահացած երեխան վերակենդանացել է եկեղեցում։
Պարբերականը գրում է, որ հիվանդանոցի բուժքույրը չի կարողացել փոքրիկի մարմինը դիահերձարան ուղարկել և, դնելով այն արկղի մեջ, տարել-դրել է հիվանդանոցի եկեղեցում։ Դրանից 3 ժամ անց երեխան կենդանության նշաններ է ցույց տվել։
Երեխայի սգացող տատիկն ու դիահերձարանի աշխատողը եկել են եկեղեցի՝ նորածնի մարմինը տանելու, սակայն նրանք պարզապես ապշել են, երբ երեխան անսպասելիորեն շարժել է ոտքն ու բացել աչքերը։
«Դա պարզապես հրաշք էր, մենք չէինք կարողանում հավատալ դրան։ Երբ տեսա, որ թոռնիկս բացել է աչքերը, ուղղակի ցնծությունից չգիտեի ինչ անել»,-պատմել է երեխայի տատիկը։
Բուժքույրը նշել է, որ ինքն անձամբ է նորածնին լողացրել, հագցրել, արկղի մեջ դրել, տարել եկեղեցի և որ այդ ողջ ընթացքում նա մահացած է եղել։ Երեխայի ծնողները պատմել են, որ մտադիր էին դստերը Յասմին անվանել, սակայն այս անհավանական պատմությունից հետո որոշել են անունը փոխել ու Վիկտորյա դնել, ինչը թարգմանաբար նշանակում է «հաղթանակ»։










