«Նախքան մահանալը ցանկանում եմ...նախագահ դառնալ». 18-ամյա Գևորգը Գլենդեյլի պատկերասրահում «Ցանկությունների գրատախտակ է» տեղադրել

11:44 • 12.07.13

Գլենդեյլի հանրային քոլեջի (ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Գլենդեյլ քաղաք) Արվեստի պատկերասրահում մեկնարկել է «Նախքան մահանալը ցանկանում եմ…» խորագրով նախագիծը, որի հեղինակը 18-ամյա հայ Գևորգ Քուրդօղլյանն է:

 

Ինչպես տեղեկանում ենք ամերիկյան Glendalenewspress.com կայքից, պատկերասրահի անկյուններից մեկում տեղադրվել է գրատախտակ, որի վերնամասում սպիտակ կավիճով գրված է «Նախքան մահանալը ցանկանում եմ» արտահայտությունը և դրված են կախման կետեր, կողքին՝ կրաքար: Քուրդօղլյանը պատկերասրահի բոլոր այցելուներին առաջարկում է ավարտին հասցնել նախադասությունը. «ցանկությունների պատի» վրա գրել իրենց փայփայած երազանքի, ցանկության, ծրագրերի ու խնդիրների մասին:

 

Առաջին գրառումն արել է հենց Քուրդօղլյանը՝ «Նախքան մահանալը ցանկանում եմ նախագահ դառնալ»: Գլենդեյլցիներն էլ շարունակել են՝ ոմանք կեսկատակ, ոմանք էլ բավական լուրջ՝ «Նախքան մահանալը ցանկանում եմ կտրել Ջոնի Դեպի մազերը (ամերիկացի հայտնի դերասան, որն ունի երկար մազեր), «Նախքան մահանալը ցանկանում եմ շրջել աշխարհով», «Նախքան մահանալը ցանկանում եմ ապացուցել, որ ծնողներս սխալ են»….:

 

ԱՄՆ-ի Բերբանկ քաղաքի բնակիչ Ստելա Էսքարսեգայի երազանքն ու ցանկությունը, օրինակ, առնչվում է երաժշտությանը: «Նախքան մահանալը ցանկանում եմ կիթառ նվագել»՝ գրել է աղջիկը և Glendalenewspress.com-ի հետ զրույցում նշել, որ նախագիծն իրեն շատ է ոգևորել: «Այս նախագիծը կարելի է ասել, որ միավորում է մարդկանց: Մենք բոլորս էլ մտածում ենք «Նախքան մահանալը….» արտահայտության մասին ու ունենք երազանքներ»,-նշել է աղջիկը:


«Նախքան մահանալը ցանկանում եմ…» նախագծի «կնքահայրը»  ԱՄՆ-ի Նյու Օռլեան քաղաքի բնակիչ Քենդի Չանգն է: Փողոցում «Ցանկությունների գրատախտակ» տեղադրելու և մարդկանց իրենց ցանկությունները հրապարակավ արտահայտելու հնարավորություն տալու գաղափարը երիտասարդ աղջիկը հղացել էր մոր մահից հետո: «Մորս մահից հետո ես շատ էի մտածում մահվան թեմայի, կյանքի անցողիկության մասին և որոշեցի քաղաքի խարխուլ տներից մեկի պատը վերածել «ցանկությունների պատի», որտեղ մարդիկ կարող էին խոսել իրենց ցանկությունների, հուզող հարցերի մասին»,-պատմել է Չանգը: Դրանից հետո «Ցանկությունների պատեր» բացվել են ոչ միայն ԱՄՆ -ի տարբեր նահանգներում, այլև աշխարհի մի շարք երկրներում:

 

Քուրդօղլյանը Քենդի Չանգի օրինակին հետևել որոշել է իր 17-ամյա ընկերոջ՝ Քեմփբել Թեյլորի ինքնասպանությունից հետո: Գևորգը նշել է, որ այս սովորական գրատախտակը ևս մեկ հարթակ է, որտեղ ուսանողները կարող են հրապարակավ խոսել ոչ միայն իրենց ցանկությունների, այլև խնդիրների մասին:

 

Գլենդեյլի հանրային քոլեջի Արվեստի պատկերասրահում Գևորգի գրատախտակը «բաց կլինի» մինչև հուլիսի 25-ը: