Մեքսիկայում քաղաքապետ է ընտրվել «հարություն առած» թեկնածուն
Մեքսիկայի Սան Ագուստին Ամատենգո քաղաքում անցկացված քաղաքապետի ընտրություններում հաղթել է ոմն Լենին Կարբալյիդո, ով մահացած է համարվում դեռ 2010 թվականից, հայտնում է Газета-ն՝ The Washington Post-ին հղումով։
2010-ին Կարբալյիդոն իր մահվան մասին փաստաթղթեր է կեղծել՝ բռնաբարության մեղադրանքով դատական հետապնդումից խուսափելու համար։
Ընտրություններից առաջ նա «հարություն է առել» և սկսել ակտիվ նախընտրական քարոզարշավ իրականացնել։ Դեմոկրատական հեղափոխական կուսակցությունից, որի կողմից նա առաջադրվել է, վստահեցրել են, որ չեն թույլատրի «հարություն առածին» պաշտոնը զբաղեցնել, եթե անկախ հետաքննությունն ապացուցի մահվան մասին փաստաթղթերի կեղծ լինելը։
Ինչպես հայտնում է НТВ-ն, իրավապահներն այժմ պետք է պարզեն կատարվածը։ Գլխավոր հարցն այն է, թե ինչպես են «մահացածին» թույլ տվել մասնակցել ընտրություններին։










