Վիեննայում այսօր կկայանա Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում
Վիեննայում այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, տեղեկանում ենք ՀՀ արտգործնախարարության ֆեյսբուքյան էջից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն հունիսի վերջին՝ երկու երկրների նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման կազմակերպմանն առնչվող հարցերը քննարկելու նպատակով։
«Նախագահների հանդիպման նպատակը լինելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող լուրջ հարցերի քննարկումը։ Ես սպասում եմ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը, որպեսզի քննարկենք նախագահների հանդիպման կազմակերպման հարցը»,- ասել էր նա։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարների վերջին հանդիպումը կայացել էր մայիսի վերջին՝ Լեհաստանի Կրակով քաղաքում։ Հանդիպմանը մասնակցել էին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։










