«Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերությունը հերքում է սնանկացման մասին լուրերը
«Սուխոյ քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերության ֆինանսական դրությունը թույլ կտա իրականացնել բոլոր ֆինանսական պարտավորությունները, հաղորդել է ընկերության մամուլի ծառայությունը։
Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, ուղևորատար Superjet 100 ինքնաթիռներ արտադրող ընկերությունը չի թաքցնում, որ ընկերության ներդրումների ավելի քան 60%-ը ստացվել է վարկերի հաշվին:
Ընկերության ներկայացուցիչները հաստատել են, որ նախագծի վարկային ծանրաբեռնվածությունը 2 մլրդ դոլար է։ Սակայն հերքել են մամուլի տեղեկություններն ընկերության ֆինանսական համաձայնությունները խախտելու վերաբերյալ։
«Վարկային պարտավորությունների կատարումը տեղի է ունենում պլանավորված միջոցառումների շրջանակում և ամբողջությամբ համապատասխանում է ընկերության ֆինանսական զարգացման ռազմավարությանը»,-հայտնել են ընկերությունից։
Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ այդ գործողությունները լիարժեք աջակցություն ունեն հիմնական բաժնետերերի կողմից։
Հիշեցնենք, որ երեկ լուրեր էին տարածվել, որ Superjet ինքնաթիռներ արտադրող «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» (ՍՔԻ) ընկերությունը սնանկացման եզրին է։ Այդ մասին գրել էր «Коммерсантъ» թերթը՝ անանուն աղբյուրներին հղումով, որոնք ծանոթ են ընկերության փրկությանն ուղղված բանակցությունների ելքին։










