Ուկրաինայում քիլերը սպանել է ձյուդոյի աշխարհի չեմպիոնին
Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքում սպանվել է մարզիկ, գործարար Կոբա Նադիրաձեն, տեղեկացնում է Lenta.ru-ն։
Զոհված մարզիկը ձյուդոյի բազմաթիվ մրցումների մրցանակակիր է, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն։
Սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 10-ի երեկոյան, սակայն լրատվամիջոցներն այդ մասին տեղեկացել են մեկ օր անց։
«Ես նստած էի պատշգամբում, որտեղ հանկարծ 3 կրակոց լսեցի։ Դեռ լույս էր, հարևանս տուն եկավ, հետո մարզական պայուսակով մոտեցավ մեքենային, այն դրեց բեռնախցիկում, և հանկարծ, նկատելով մարդասպանին, սկսեց փախչել ավտոտնակների արանքով»,-պատմել է հարևանը։
Առաջին գնդակը դիպել է մարզիկի որովայնին, նա փորձել է փախչել, սակայն մարդասպանը հասել է նրա հետևից և մի քանի անգամ կրակ բացել։ Վիրավոր Նադիրաձեն տեղում մահացել է։
Մարդասպանը փախուստի է դիմել՝ իր հետևից տանելով զոհի մարզական պայուսակը։ Դրա պարունակությունը հայտնի չէ։
Ականատեսը պատմել է, որ հանցագործն ամբողջովին սև է հագած եղել՝ դեմքին դիմակով։ Նախնական վարկածով՝ նա զինված է եղել Մակարով տիպի ատրճանակով։
Ոստիկանները ենթադրում են, որ սպանությունը, հավանաբար, պատվիրված է։ Դրան պատրաստվել են նախապես, և ամեն ինչ տեղի է ունեցել վայրկյանների ընթացքում։










