Արգիշտի Կիվիրյանը ՀՔԾ-ում հարցաքննվել է
Armenia Today լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանն այսօր հարցաքննվել է Հատուկ քննչական ծառայությունում՝ օգոստոսի 24-ին Կոմիտասի 5 հասցեում ապօրինի շինարարության դեմ պայքարի ընթացքում փողոցը փակելու ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
Այս անգամ ևս Արգիշտի Կիվիրյանի բոլոր 30 փաստաբաններն էլ գնացել են ՀՔԾ, սակայն հարցաքննությանը ներկա է եղել միայն փաստաբան Լուսինե Սահակյանը:
«Որպեսզի չմեղադրեն, թե հարցաքննությունը ձգձգվում է իմ փաստաբանների պատճառով, որոշվեց, որ նրանցից միայն մեկը ներս մտնի»»,- Tert.am-ին փոխանցեց Արգիշտի Կիվիրյանը:
Նա ասաց, որ մանրամասը պատմել է, թե ինչ է տեղի ունեցել այդ օրը և ինչպես են իրենց պահել ոստիկանության ներկայացուցիչները:
«Փոխանակ գործ հարուցեն և քննություն կատարեն իմ նկատմամբ ոստիկանների կողմից բռնություն կիրառելու կապակցությամբ, նորից շարունակում է քննվել մի գործ՝ հարուցված 316 հոդվածի հատկանիշներով, որ իբր ես եմ բռնության ենթարկել ոստիկաններին»,- նշեց նա:
Արգիշտի Կիվիրյանը քննչական մարմնի գործողությունները համեմատեց «աբսուրդի թատրոնի» հետ, քանի որ «գործ է սարքվում» բռնության ենթարկված քաղաքացու վրա:
«Գործն այս պահին քննվում է հենց այդ տեսանկյունից, չնայած իմ տված նախորդ հայտարարությունները լրիվ բավարար էին, որ հարուցվեր քրեական գործ, բայց արդեն ոստիկանների նկատմամբ: Ես չունեմ երաշխիք, որ դա երբևէ տեղի կունենա: Դեպքից անցել է համարյա մեկ ամիս, սակայն ինձ բռնության ենթարկելու կապակցությամբ այդպես էլ գործ չեն հարուցել»- նկատեց Armenia Today լրատվական կայքի համակարգողը:










