Հոկտեմբերին Հայաստանում կանցկացվեն ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումներ

17:10 • 19.09.13

Լուսանկարը՝ ըստ «Արմենպրես»-ի

 

Պաշտպանության նախարարի ղեկավարությամբ հոկտեմբերի 8–ից 10–ը Հայաստանում ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումներ կանցկացվեն: Այս մասին ՀՀ կառավարության նիստին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

 

Նա նշեց, որ ռազմավարական բնույթի միջոցառումները մեր երկրում ավանդույթ են դառնում, և բոլոր գերատեսչությունները մասնակցում են պետության դեմ ագրեսիայի նախապատրաստմանը: 

 

«Թեման՝ «Պետության բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ»: Հոկտեմբերի 7-ին Մարզահամերգային համալիրում կանցկացվի նախապատրաստական աշխատանք: Զորավարժությունները կսկսվեն ՀՀ Անվտանգության խորհրդի նիստով որը հավանական է, որ կանցկացնի ՀՀ նախագահը: Կմշակվեն կարևոր փաստաթղթեր ռազմական դրություն, ընդհանուր կամ մասնակի զորահավաք հայտարարելու, Զինված ուժերի օգտագործման վերաբերյալ, ինչպես նաև նախագահի դիմում-հայտարարագիրը դաշնակից պետություններին ռազմական օգնության ցուցաբերման վերաբերյալ և այլ ուղերձներ ու փաստաթղթեր»,-տեղեկացրեց Սեյրան Օհանյանը:

 

Նա նաև նշեց, որ Անվտանգության խորհրդի որոշումից հետո տեղի կունենա կառավարության նիստ, որի ընթացքում բոլոր գերատեսչությունները պետք է հանդես գան առաջարկություններով:

 

«Ես կուզեի ուշադրություն դարձնեինք նախորդ տարվա զորավարժությունների բացթողումների վրա, քանի որ զեկույցները համակարգված չէին, ներկայացվում էին մասնակի խնդիրներ, ստեղծված իրավիճակի գնահատումը ցածր աստիճանի վրա էր»,-ասաց նախարարը:

 

Սեյրան Օհանյանը տեղեկացրեց, որ այս զորավարժություններին նախորդում են սեպտեմբերի 23-ից 26-ն անցկացվող հավաքները, որոնք անցկացվում են ՊՆ բոլոր այն պաշտոնատար անձանց հետ, որոնք զբաղվում են զորահավաքային խնդիրներով: