Գործադիրն ընդունեց ՄՄ-ին ՀՀ-ի անդամակցության աշխատանքների նախագիծը
ՀՀ կառավարության այսօրվա նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանը հավանություն տվեց Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միանալու ուղղությամբ աշխատանքների կազմակերպման վերաբերյալ նախագծին:
Նախագիծը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը, ով նշեց, որ դեռևս նախորդ տարի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանավորվել էին ստեղծել աշխատանքային խումբ քննարկելու ՀՀ-ի անդամակցության հնարավորություններ ՄՄ-ին այն պարագայում, որ Հայաստանը ՄՄ-ի հետ չունի ընդհանուր սահման:
«Այդ հանձնարարականը ստանալով՝ անցյալ տարվա դեկտեմբերին վարչապետը ստեղծել է աշխատանքային խումբ, որի շրջանակում տեղի է ունեցել երեք պաշտոնական հանդիպում և բազում ոչ պաշտոնական հանդիպումներ: Արդեն այս տարվա սեպտեմբերի 3-ին երկու երկրների նախագահների միջև պայմանավորվածություն եղավ, որ Հայաստանը միանալու է ՄՄ-ին: Այդ պատճառով անհրաժեշտություն կա ձևավորելու բանակցային փաթեթ և իրականացնել նախապատրաստական աշխատանքներ բանակցային գործընթացին պատրաստվելու համար»,- ասաց նա:
Նշենք, որ վարչապետը հարցի շուրջ որևէ դիտարկում չարեց:










