Կաթողիկոսն ընդունել է ԱԺ նախագահին և Կալիֆոռնիայի նահանգային խորհրդի խոսնակին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր ընդունել է ԱՄՆ Կալիֆոռնիայի Նահանգային ժողովի խոսնակ Ջոն Փերեզի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ ողջունել է ՀՀ Ազգային ժողովի և ԱՄՆ Կալիֆոռնիայի Նահանգային ժողովի միջև ձևավորվող համագործակցությունը:
Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել նաև Կալիֆոռնիայի նահանգային խորհրդի անդամներին` 1915 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Կալիֆոռնիայի հայ համայնքի կյանքին և նրա կարևոր ներդրմանը նահանգի զարգացման գործում:
Իր հերթին ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգային խորհրդի խոսնակ Ջոն Փերեզը շնորհակալություն է հայտնել հայոց հոգևոր կենտրոնում ջերմ ընդունելության համար` իր խոսքում մասնավորապես անդրադառնալով այցի նպատակին և Հայ Եկեղեցու դերակատարությանը համայն հայության կյանքում:










