ՀՀ պատվիրակությունը մասնակցում է ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Գլխավոր կոնֆերանսին
Սեպտեմբերի 16-ին Վիեննայում իր աշխատանքներն է մեկնարկել ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Գլխավոր կոնֆերանսի 57-րդ նստաշրջանը: Կոնֆերանսին մասնակցում է ՀՀ պատվիրակությունը` ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը, Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ինչպես նաև ոլորտի այլ ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից։
Սեպտեմբերի 17-ին Գլխավոր կոնֆերանսում ելույթով հանդես է եկել ՀՀ պատվիրակության ղեկավար Ա. Մովսիսյանը: Նախարարն անդրադարձել է ԱԷՄԳ հետ ՀՀ համագործակցության տարբեր ոլորտներին, մասնավորապես, ՀԱԷԿ գործող էներգաբլոկի անվտանգության ապահովման բարձրացմանը և այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումներին:
Գլխավոր կոնֆերանսի շրջանակներում ՀՀ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել գործակալության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև այլ երկրների պատվիրակությունների հետ:










