ՆԱՏՕ-ն խոշոր զորավարժություններ կանցկացնի Արևելյան Եվրոպայում

14:30 • 19.09.13

Աֆղանստանում թալիբների հետ բազմամյա առճակատումից հետո ՆԱՏՕ-ն ծրագրում է խոշոր զորավարժություններ անցկացնել Արևելյան Եվրոպայում, հայտնում է Ամերիկայի ձայնը:

 

Նոյեմբերին զորավարժություններ են նախատեսվում Լատվիայում և Լեհաստանում: ՆԱՏՕ-ի ղեկավարությունը հերքել է լուրերն այն մասին, թե իրենց պայմանական թիրախն այդ վարժություններում Ռուսաստանն է լինելու:

 

Steadfast Jazz անվանումով զորավարժությունները կոչված են ցույց տալու, որ Հյուսիսատլանտյան դաշինքն իր ուշադրությունը կրկին սեփական տարածքների պաշտպանության վրա է կենտրոնացրել:

 

ՆԱՏՕ-ում նշել են, որ թալիբների հետ տասնամյա պատերազմից հետո իրենք պետք է պատրաստ լինեն դաշինքի 28 պետություններից որևէ մեկին պաշտպանելուն:

 

Իրենց հերթին Ռուսաստանն ու Բելառուսը նախատեսում են մինչև ամսվա վերջ իրականացնել իրենց համատեղ «Արևմուտք-2013» զորավարժությունները: