Սերժ Սարգսյանը Դավթաշենում ներկա է գտնվել անձնագրերի և վիզաների վարչության նոր վարչական շենքի բացմանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Դավթաշեն համայնքում ներկա է գտնվել ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության նոր վարչական շենքի բացման արարողությանը, տեղեկացնում է նախագահական գրասենյակի կայքը:
Այն հերթական կարևոր քայլն է համակարգի արդիականացման, անձնակազմի աշխատանքային պայմանների բարելավման և արդյունքում՝ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ճանապարհին:
Նախագահը շրջայց է կատարել նորաբաց վարչական շենքում, ծանոթացել կատարված աշխատանքին, տեխնիկական հագեցվածությանն ու ստեղծված աշխատանքային պայմաններին, այցելել մի շարք ստորաբաժանումներ՝ դիմումների ընդունման, բնակչության պետ. ռեգիստրի, վիզաների, անձնագրային և ելքի փաստաթղթերի ձևակերպման և այլ բաժիններ, զրուցել աշխատակիցների հետ, ովքեր ներկայացրել են իրենց կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունները ժամանակակից եղանակով կազմակերպելու նոր հնարավորությունները:
Ոլորտի պատասխանատուներ նախագահին զեկուցել են նրա հանձնարարությամբ ՀՀ քաղաքացիության վերաբերյալ դիմումների քննարկման ընթացակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ:
«ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների կտրուկ աճով պայմանավորված ՝ 2012 թվականին անհրաժեշտություն էր առաջացել բարեփոխել ՀՀ քաղաքացիության վերաբերյալ դիմումների ընթացակարգերը և ենթակառուցվածքները:
Դիմումների ավելացող հոսքի պարագայում, ՀՀ նախագահի հանձնարարությամբ, 2012 թվականի հուլիսից որոշում կայացվեց առավել հստակեցնել ՀՀ քաղաքացիության վերաբերյալ դիմումների քննարկման ընթացակարգերը, արդիականացնել տեխնիկական միջոցները, ապահովել դիմումների ընթացքի վերաբերյալ դիմումատուների իրազեկվածությունը: Վերոնշյալ խնդիրների լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները շրջայցի ժամանակ ներկայացվել են Հանրապետության նախագահին»,- ասվում է նախագահի գրասենյակի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:










