Ուկրաինան պետք է որոշի՝ անդամակցել ԵՄ-ին, թե ՄՄ-ին. Իտալիայի նախկին վարչապետ
Ուկրաինան պետք է կողմնորոշվի՝ ում հետ զարգացնել հարաբերությունները՝ Եվրամիության, թե Մաքսային միության: Ինչպես հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Իտալիայի նախկին վարչապետ Ռոմանո Պրոդին:
«Այժմ մենք տեսնում ենք գրավիչ առաջարկ, որը Եվրոպան արել է Ուկրաինային: Մյուս կողմից կա Մաքսային միությունը, որի կազմում են Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը: Այդ առաջարկները ես անհամատեղելի եմ համարում»,-ասել է նա:
Նախկին պաշտոնյայի խոսքով՝ Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունները բավականաչափ ակտիվ չեն զարգանում:
«Վլադիմիր Պուտինի հետ վերջին հանդիպման ընթացքում, երբ ես Եվրահանձնաժողովի ղեկավարն էի, ես ասացի, որ ԵՄ-ի և Ռուսաստանի հարաբերություններն այնքան բնական են, որքան խավիարն ու օղին: Ես հիասթափված եմ, որ վերջին շրջանում հարաբերություններն այնքան էլ ամուր չեն»,-ասել է նա:
Իտալիայի նախկին վարչապետը նշել է, որ Եվրոպայում տարբեր տեսակետներ կան այն մասին, թե ինչպես զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ:
«Եվրոպան բավական մասնատված է, և դա առանձին խնդիր է: Կան երկրներ, ինչպիսին Գերմանիան կամ Իտալիան են, որոնք հակված են ամրապնդել կապերը Ռուսաստանի հետ, իսկ, օրինակ, Մեծ Բրիտանիան դրա համար շատ քիչ բան է անում»,-ասել է նա:










