Թուրքիան Սիրիայի հետ պատերազմել չի ցանկանում. Գյուլ

13:55 • 20.09.13

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ՄԱԿ-ի 68-րդ Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով մեկնել է ԱՄՆ, սակայն մինչ մեկնումը պատասխանել է լրագրողների հարցերին։

 

Ինչպես տեղեկացնում է TRT Haber-ը,Գյուլն ասել է, որ Թուրքիան երբեք չի ցանկացել պատերազմել Սիրիայի հետ և ջանքեր է գործադրել՝ հակամարտության դիվանագիտական ճանապարհով կարգավորման համար։

 

«Շատ ջանք է թափվել խնդրի դիվանագիտական լուծման համար։ Միջազգային հանրությունը դա այժմ չի զգում, սակայն ապագայում կզգա։ Թուրքիան ամենաշատն է ցանկանում այդ հարցն առանց պատերազմի լուծել։ Դա հասկանալ է պետք։ Թուրքիան պատերազմել չի ցանկանում, սակայն ուզում է, որ այնտեղ արյունահեղությունը մեկ վայրկյան առաջ ավարտվի, և միջազգային հանրությունը վճռական լինի այդ հարցում»,-ասել է նա։

 

Անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին՝ Գյուլն ասել է. «Միջազգային հանրությանն զգուշացնում ենք, եթե այս խնդիրը ձգձգվի, ծայրահեղական խմբավորումներն ու ահաբեկչական խմբերը կավելանան, և իրավիճակը վտանգավոր կդառնա։ Թուրքիան արդեն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում»։