Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ դեռ վաղ է ԱԺ-ում եվրասիական հանձնաժողովի ստեղծումը
Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ դեռ վաղ է ԱԺ-ում եվրասիական հանձնաժողով ստեղծելը:
Այս մասին Tert.am-ին ասաց Խոսրով Հարությունյանը՝ ի պատասխան դիտարկման, թե երեկ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն արձանագրելով, որ ԱԺ-ում գոյություն ունի եվրաինտեգրման մշտական հանձնաժողով, առաջարկեց հավասարության համար ստեղծել եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողով:
«Դեռևս վաղ է հանձնաժողովների, այսպես ասած, թեմատիկ, ոլորտային ուղղություններով փոփոխություններ մտցնելու մասին խոսելը, որովհետև, համաձայնեք, որ Մաքսային միությանն անդամակցելը գործընթաց է, որը դեռ ժամանակ կպահանջի: Բացի այդ, մենք ունենք միջխորհրդարանական այնպիսի համագործակցության հնարավորություն, ինչպիսին ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովն է, որի շրջանակներում կարող ենք քննարկել ցանկացած խնդիր»,- ասաց նա։
Ի պատասխան մեր դիտարկմանը, թե այդ տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում, կարող ենք նշել, որ կան Եվրանեսթ, Եվրոպայի խորհրդի ԽՎ-ները, Խոսրով Հարությունյանն ասաց. « Ճիշտ եք ասում, բայց ԱՊՀ խորհրդարանական հանձնաժողովը զբաղվում է նաև մոդելային օրենքների մշակմամբ: Նման կառույցները նման խնդիրներով չեն զբաղվում»:
Նշենք, որ ԱԺ-ում նման մշտական հանձնաժողով ստեղծելու համար անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ, քանի որ Սահմանադրությամբ են ամրագրված ԱԺ մշտական հանձնաժողովների թիվն ու անվանումները:










