Թաիլանդում առգրավել են վանականի ողջ հարստությունը
Թաիլանդի իշխանությունները հայտարարել են, որ առգրավել են երկրում հայտնի բուդդիստ վանական Սուկֆոնի ակտիվները, ով նվիրատվությունների հաշվին գաղտնի կերպով հարստություն է դիզել, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին:
Փողերի լվացման դեմ պայքարի վարչությունը հայտնել է պետության օգտին 770 հազար դոլարից ավելի արժողությամբ սեփականության առգրավման մասին: Առգրավվել է Harley Davidson մոտոցիկլետ, մի քանի ավտոմեքենա, անշարժ գույք և բանկային հաշիվներ:
Վարչության հայտարարության համաձայն՝ վանականներն իրավունք ունեն նվիրատվություններ հավաքելու, սակայն պարտավոր են այդ միջոցներն ուղղել կարիքավորների օգնությանը, այլ ոչ անձնական հարստացման: Քննության արդյունքում պարզվել է նաև վանականի կապը մանկապղծության հետ:
Նրա հանդեպ ուշադրություն է սևեռվել լուսանկարների հրապարակումից հետո, որտեղ վանականի ձեռքին երևում է Louis Vuitton պայուսակ:










