ԼՂ բանակցային գործընթացի զարգացման կարևոր պայման է տարածաշրջանի ժողովրդավարացումը
«Հաղթահարելով փակուղին» նախագծի շրջանակներում հերթական հանդիպման ընթացքում, որը տեղի է ունեցել 2013թ. սեպտեմբերի 13-17-ը Բեռլինում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջանի փորձագետների խումբը մշակել է երկխոսության հարթակների ձևաչափի շուրջ մի շարք առաջարկներ, տեղեկացնում է Հակամարտությունների տրանսֆորմացման «Իմեջին» կենտրոնը:
Փորձագետները համոզմունք են հայտնում, որ այս առաջարկները կարող են նպաստել կառուցողական երկխոսությանը բոլոր մակարդակներում և դրական ազդեցություն ունենալ բանակցային գործընթացի վրա:
Փորձագետների կարծիքով, երկխոսության և բանակցային գործընթացի զարգացման կարևոր պայման է տարածաշրջանի ժողովրդավարացումը: Միաժամանակ, երկխոսության հարթակների ձևաչափը պետք է որոշվի ելնելով խաղաղաշինության գործընթացի կոնկրետ նպատակներից, խնդիրներից և ուղղություններից:
Այս խնդրի որոշակի հարցերի շուրջ փորձագետները եկել են կոնսենսուսի և առաջարկում են.
• կոչ անել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված բոլոր մասնակիցներին բանակցային գործընթացի առավել բացության և թափանցիկության;
• ապաքաղաքականացնել և զարգացնել երկխոսության բոլոր հարթակները` քաղաքացիական հասարակության մակարդակով;
• առաջարկել բոլոր իշխանություններին սկսել երկխոսություն իրենց նախկին բնակիչների հետ;
• ընդլայնել երկխոսության հարթակների ձևաչափը` լայնորեն ընդգրկելով խորհրդարանների, կառավարությունների, կրոնական գործիչների, սփյուռքի ներկայացուցիչների և այլն:
Սույն փաստաթուղթը կազմվել է Ջորջ Մեյսոնի համալսարանի Հակամարտությունների վերլուծության և հաղթահարման ֆակուլտետի Խաղաղաշինության փորձի կենտրոնի (ԱՄՆ) և Հակամարտությունների տրանսֆորմացման «Իմեջին» կենտրոնի կազմակերպչական օժանդակությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրագործվում է Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի և Ընկերակցության հարցերի նախարարության աջակցությամբ:










