Վարդան Մամիկոնյանին էլ հրավիրեցին Տիզբոն. Պարույր Հայրիկյանը հույս ուներ, որ Սերժ Սարգսյանը գոնե առերես կուրանար (տեսանյութ)

19:47 • 20.09.13

Հայաստանը պետք է պատկանի Հայաստանի բնակիչներին. այսօր Ազատության հրապարակում հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, ով եկել էր այդ խոսքերը ոչ թե ասելու և գնալու, այլ բացարձակ ժողովրդավարության գաղափարով կոնկրետ քայլերի առաջարկությամբ: 

 

«Մենք մեր ուշադրության կենտրոնում պահում ենք բացարձակ ժողովրդավարությունը, որն ուղեկցելու ենք ստորագրահավաքով, որի բովանադակությունն է՝ «ես եմ Հայաստանի լիարժեք տերը և պահանջում եմ պետական համակարգում ներդնել բացարձակ ժողովրդավարություն»,-ասաց նա և նշեց, թե միանալով Հայրիկյանի կայքին, հեղափոխությունն ու հեղաշրջումը միաժամանակ կիրականացեն։

 

Իսկ մինչ այդ նա խոսեց Մաքսային միությունից և Սերժ Սարգսյանի՝ Մոսկվայում կայացած որոշումը համեմատեց Վարդան Մամիկոնյանի՝ Տիզբոնում կրոնը փոխելու առաջարկի հետ։


«Վարդան Մամիկոնյանին էլ Տիզբոն հրավիրեցին, այնտեղ նրան ստիպեցին ուրանալ, բայց երբ նա վերադարձավ հայրենիք ասաց՝ ես բռնության տակ եմ դա արել, այս է ճշմարտությունը, անկեղծ ասած՝ ես էլ նման բան էի ակնկալում, որ 21-րդ դարում մեր նախագահը վերադառնալով՝ աշխարհով մեկ կհայտարարի, որ Մոսկվայում այնպիսի փաստերի առաջ են կանգնեցրել, որ ես ստիպված եմ այդպես համաձայնվել։ Աշխարհին ասեր, մեզ պատերազմով են սպառնել, դրա համար էլ այդպես եմ արել, մեր կողմնորոշումը Եվրոպան է»,-ասաց նա և ընդգծեց, թե նույն իշխանությունները, որ այսօր ասում են, թե այդ որոշումը անակնկալ չէր, սուտ են ասում։

 

Հայրիկյանը հարցադրում է անում, որ եթե Եվրոպան չէր նույն հանրապետականների ու ՕԵԿ-ի կողմնորոշումը, ինչու՞ այդ դեպքում նրանք դարձան Եվրոպական ժողովրդական կուսակցության դիտորդ կուսակցություն։ «Երբ ասում են՝ նախապես էր որոշված, ամոթ իրենց, ստում են»,-ասաց նա և ընդգծեց, թե Մաքսային միություն իրականում գոյություն չունի, դա ընդամենը քմահաճ ծրագիր է։

 

«Գոյություն չունի այդպիսի միավորում, ծրագրում են նման բան ստեղծել, բայց տագնապներ կան, որ վաղը բոլորը կհրաժարվեն, որովհետև բռնապետության կամքով ստեղծված միավորումը միշտ լինում է ժամանակավոր, և կարող է մնան միայն Հայաստանը և Ռուսաստանը։ Ավելին՝ կարող է Ռուսաստանն էլ դուրս գա, մնա միայն փչացած Հայաստանը։ Այսինքն՝ աշխարհի աչքի առաջ մեզ ոչ թե Մաքսային միություն ներգրավեցին, այլ փորձեցին մեզ փչացնել, բայց մեզ չեն կարող փչացնել, կարող են միայն փչացնել մեր ղեկավարությանը»,-ասաց նա։

 

Ինչ վերաբերում է նրան, թե իշխանությունները տնտեսական փաստն են առաջ բերում Հայրիկյանը հակադարձում է, որ պետք է ընդամենը խիզախություն ունենալ և ասել, որ դա քաղաքական հարց է։

 

Ըստ Հայրիկյանի՝ Ռուսաստանի տնտեսական աճը հավասազոր է Իտալիայի տնտեսության աճին, մինչդեռ ըստ նրա՝ Իտալիան Եվրոպայի առաջատար երկրներից չէ։ «Ի՞նչ օգուտ պետք է ունենանք մի երկրից, որի բնակչության 60%-ն ուզում է փախչել»,-հարցրեց նա։

 

Խոսելով սեպտեմբերի 21-ի ճանապարհի մասին, Պարույր Հայրիկյանը նշեց, թե դա ինքաբուխ շարժում էր։ «Մեր ժողովրդի հիմնական նախաձեռնություն էր, որը վարակեց մյուս ժողովուրդներին, նպաստեց, որ Արցախում սեփական ուժերով ինքնորոշվեն»,-ասաց նա։

 

Հայրիկյանը նշեց, թե այսօր անկախության վերաբերյալ թյուր կարիք է ձևավորվել։ «Դու կարող ես լինել անկախ պետություն, բայց սովից կոտորված, կարող ես լինել նաև անկախ, բայց բուռն զարգացող, ինչը անկախության հետ կապ չունի»,-ասաց նա և ընդգծեց, որ ինչպես աղքատության, այնպես էլ երկրի զարգացման հիմնական պատասխանատուն իշխանություններն են։