Սաակաշվիլին ՊՆ-ին կոչ է արել ներողություն խնդրել զինծառայողներից և բնակարաններ տրամադրել
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պահանջում է վերականգնել զինծառայողների բնակարանների կառուցման տեմպերը:
Ինչպես տեղեկացնում Грузия online-ը, այդ մասին նախագահը հայտարարել է երեկ` անդրադառնալով Աֆղանստանում ականի վրա պայթելու հետևանքով երկու ոտքից զրկված փոխգնդապետ Ալեքսանդր Տուգուշիին բնակարանով ապահովելու հարցին:
Նրա խոսքով` բնակարանաշինությունն ամբողջ թափով պետք է շարունակվի, և բնակարաններ պետք է հանձնվեն բոլոր սպաներին:
«Դա իմ խորհուրդն ու պահանջն է: Մարդը եկել է Վրաստան, և արդյոք նա մազոխի՞ստ է, որ բնակվի ավտոտնակում: Ցանկանում եմ հարցնել կառավարությանն ու պաշտպանության նախարարությունը, եթե նրանք ինձնից չիմանային, որ Տուգուշին ավտոտնակում է ապրում, արդյոք իրենք չպե՞տք է հետաքրքրվեին նրա կենսական պայմաններով: Քանի դեռ ուշ չէ` նրանք պետք է ներողություն խնդրեն»,-ասել է Սաակաշվիլին:
Վերջինս սեպտեմբերի 18-ին այցելել էր Տուգուշիին և նրան մեդալ հանձնել: Սաակաշվիլին Պաշտպանության նախարարությանը հորդորել էր անհապաղ աշխատանքի տեղավորել նրան և բնակարան հատկացնել:
Ավելի ուշ ՊՆ-ն պատասխան հայտարարությամբ էր հանդես եկել և նշել, որ Սաակաշվիլին կեղծ տեղեկատվություն է տարածել: Գերատեսչության հավաստմամբ` Տուգուշին ԱՄՆ-ում ռազմական կցորդի տեղակալի պաշտոնն է զբաղեցնում և լավ աշխատավարձ է ստանում:










