Սիրիայի իշխանությունները «Ժնև-2»-ի ընթացքում ընդդիմությանը հրադադար կառաջարկեն. լրատվամիջոցներ

10:34 • 20.09.13

Սիրիայի կառավարությունը «Ժնև-2» համաժողովի շրջանակներում մտադիր է ընդդիմությանը հրադադար առաջարկել։ Այս մասին հայտարարել է Սիրիայի փոխվարչապետ Կադրի Ջամիլը` Guardian-ին տված հարցազրույցում:

 

«Ռազմական ներխուժման դադարեցումը, հրադադարն ու քաղաքական գործընթացը թույլ կտան, որ սիրիացի ժողովուրդը հնարավորություն ունենա ինքնորոշվելու` առանց արտաքին միջամտության և ժողովրդական ճանապարհով»,-հայտարարել է Ջամիլը` պատասխանելով հարցին, թե ի՞նչ առաջարկություններ է պատրաստ անել Դամասկոսը Ժնևում:

 

Նա նշել է, որ իրավիճակից նման ելքը ձեռնտու կլինի յուրաքանչյուր կողմի համար, քանի որ կողմերից ոչ մեկը չի հայտարարի ավելի քան 2 տարի շարունակվող հակամարտությունում հաղթանակի մասին:

 

Ջամիլն ընդգծել է, որ երկրում արդեն լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել, և այժմ Սիրիան ավելի շատ աջակցության, այլ ոչ թե ճնշումների կարիք ունի:

 

«Թող ոչ ոք մտավախություն չունենա, որ ռեժիմն առկա ձևով կպահպանվի: Բոլոր քաղաքական ոլորտներում ռեժիմը հին տեսքով արդեն վերացել է: Բարեփոխումների համար անհրաժեշտ է, որ Արևմուտքը և մնացած բոլորը, որոնք ներքաշված են Սիրիայում տեղի ունեցող գործընթացներում, իջնեն մեր ուսերից»,-հավելել է փոխվարչապետը:

 

Ջամիլն ասել է, որ պատերազմը երկրին հսկայական վնաս է հասցրել: Տնտեսական կորուստները կազմում են մոտ 100 մլրդ դոլար:
 

Սիրիայի հարցով միջազգային համաժողովի անցկացումն առաջարկել են Ռուսաստանն ու ԱՄՆ-ն: Շարժման առաջնորդներն ավելի վաղ հայտարարել էին, որ հրաժարվում են քննարկել «Ժնև-2»-ի իրականացումը, քանի դեռ Բաշար ալ-Ասադը մնում է նախագահի պաշտոնին:


Միևնույն ժամանակ Եվրոպայի խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը հայտարարել է, որ այս պայմաններում Սիրիայի հարցով համաժողովը պետք է կազմակերպվի հնարավորինս արագ: