Միգուցե հաջորդ տարի ԵՄ-ն Հայաստանի հետ կբանակցի նոր իրավական փաստաթղթի շուրջ. Թևան Պողոսյան

08:20 • 20.09.13

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը չի բացառում, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններում հնարավոր է վերաբանակցել և Ասոցացման համաձայնագրում թողնել վիզաների դյուրացմանը և քաղաքական երկխոսությանը վերաբերող մի խումբ կետեր: Այնուհանդերձ նա խիստ կասկածում է, որ եվրոպական կողմը ցանկություն կհայտնի նստել և բանակցել մինչ նոյեմբերի 28-ին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովը, քանի որ փաստացի անհրաժեշտ կլինի զրոյից նոր փաստաթուղթ մշակել՝ բաց թողնելով բոլոր հղումները, որոնք որևէ կերպ կառնչվեն տնտեսական խնդիրներին: «Վիլնյուսում Վրաստանն ու Մոլդովան կնախաստորագրեն, իսկ Ուկրաինան կստորագրի: Մենք կարող էինք լինել այդ երկրների շարքում, կլինենք ոչ այդ երկրների շարքում»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Թևան Պողոսյանը: 

 

- Պարոն Պողոսյան, Դավիթ Շահնազարյանը հայտարարեց, որ Հայաստանը ԵՄ-ի հետ հարաբերություններում կարող է գտնել այնպիսի ձև, որը հնարավորություն կտա ունենալ ավելի բարձր կարգավիճակ, քան Ադրբեջանն ու Բելառուսը, բայց ավելի ցածր, քան Մոլդովան ու Վրաստանը: Եվ որ «ասոցացում» բառն անպայման ստորագրվելիք տեքստում պահպանվի: Նման հնարավորություն տեսնու՞մ եք:

 

-Նման հնարավորություն տեսնում եմ, որովհետև հնարավոր է բանակցել և վերաբանակցել և առնվազն Ասոցացման համաձայնագրում թողնել մի խումբ կետեր, որոնք կվերաբերեն ինչպես վիզաների դյուրացմանը, այնպես էլ քաղաքական երկխոսությանը: Բայց դա նշանակում է, որ պետք է նստել և զրոյից, տեխնիկապես զրոյից նոր փաստաթուղթ մշակել, քանի որ բոլոր հղումները, որոնք որևէ կերպ կառնչվեն տնտեսական խնդիրներին, պետք է փաստաթղթից դուրս հանվեն: Հնարավորություն կա, բայց արդյո՞ք եվրոպական գործընկերները հիմա պատրաստ են նստել բանակցությունների:

 

-Դուք տեղեկացված չե՞ք՝ ունի՞ եվրոպական կողմը նման հնարավորություն, ցանկություն:

 

-Առնվազն մամուլում մի բան եմ տեսել, որտեղ ասվել է, որ, այո, Բարոզուն էր ոնց որ թե, որ Եվրամիությունը երևի ապագայում, միգուցե հաջորդ տարի Հայաստանի հետ կբանակցի նոր իրավական փաստաթղթի շուրջ, քանի որ այն իրավական փաստաթուղթը, որը կարգավորում է Հայաստանի և ԵՄ-ի հետ հարաբերությունները, այսօրվա դրությամբ Համագործակցության և գործընկերության մասին համաձայնագիրն է, որը կնքվել է 1999 թվականին՝ ժամանակավոր, 5 թե 10 տարի ժամանակով, որից հետո շատ հարցեր պետք է նայվեին, կարգավորվեին նորովի: Բայց այդ փաստաթուղթը մի քանի անգամ երկարաձգվում էր՝ հաշվի առնելով, որ կար այն գաղափարը, որ «Արևելյան գործընկերության» ծրագրերի շրջանակներում իրավական դաշտը կարգավորող նոր փաստաթուղթ պետք է լիներ՝ Ասոցացման համաձայնագիրը: Ցավոք սրտի, հիմա այնպես է ստացվել, որ երևի դեռ հին փաստաթուղթը կմնա, մինչև մի որևէ փաստաթուղթ կմշակվի:

 

-Ասացիք՝Բարոզուն.  Շտեֆան Ֆյուլեն նույնպես կասկած հայտնեց, թե մինչև Վիլնյուս հազիվ թե հնարավոր լինի նման փաստաթուղթ նախապատրաստել:

 

-Ես էլ նույնպես խիստ կասկածում եմ, որ մինչև Վիլնյուս եվրոպական կողմը ցանկություն կհայտնի նստել և բանակցել: Նորից եմ ասում՝ ապագայում այդպիսի փաստաթուղթ ունենալը հնարավոր է, բայց ե՞րբ կլինի՝ չեմ կարող ասել: Ես հնարավոր եմ համարում, որ Վիլնյուսում հայտարարվի, որ այո, եվրոպական կողմը հաշվի է առնում հայկական կողմի ցանկությունը՝ ունենալ նորովի բանակցված փաստաթուղթ, կասեն, որ ինչ-որ մի ժամկետում կձևավորեն տեխնիկական խումբ և կսկսեն բանակցությունները: Սակայն ասել, որ բանակցված փաստաթղթից հանել 1, 2, 3, 4 կետ և ստորագրել մինչև 28-ը՝ ես դրա հավանականությունը շատ ցածր եմ գնահատում:

 

-Մեզ մոտ հիմա էլ քննարկվում է ՝ գնա՞լ Վիլնյուս, չգնա՞լ…

 

-Չէ, Վիլնյուս մենք կմեկնենք:

 

-Մեկնենք, որ ի՞նչ անենք:

 

- Կան «Արևելյան գործընկության» ծրագրերը, կան նաև դրանց շարժունակության խնդիրները, միգրացիոն, կա պառլամենտական համագործակցության շրջանակը, որը «Եվրանեսթ» է կոչվում: Այնպես որ մեկնելու ենք Վիլնյուս, ինչպես «Արևելյան գործընկերության» այլ երկրները, այնտեղ նաև, վստահ եմ, կմեկնեն բոլոր հինգ երկրները: Գուցե Բելառուսի նախագահը չգա, սակայն ինչ-որ կարգավիճակով կմասնակցի: Օրինակ՝ անցած անգամ մասնակցում էր դեսպանի կարգավիճակով: Այսինքն՝ մասնակցությունը կլինի, բայց թե ի՞նչի շուրջ ենք նստելու, խոսելու այնտեղ, որտեղ եթե ոչ մի բան չփոխվի, Վրաստանն ու Մոլդովան կնախաստորագրեն, իսկ Ուկրաինան կստորագրի: Մենք կարող էինք լինել այդ երկրների շարքում, կլինենք ոչ այդ երկրների շարքում:

 

-ԱԺ ում կա Եվրաինտեգրման հանձնաժողով, քաղաքական շրջանակների միջև հանդիպմանն առաջարկ հնչեց, որ կոմպլեմենտար քաղաքականությանը վերադառնալու դեպքում պետք է ստեղծվի նաև Եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողով: Ճիշտ, տրամաբանական և հնարավոր համարու՞մ եք:

 

- Կարելի է տարբեր հայտարարություններ անել, մտովի տարբեր վարժություններ կատարել: Միգուցե թողնել ուղղակի ինտեգրման հանձնաժողով, և չկաշկանդենք ինքներս մեզ եվրաինտեգրման և եվրոպական ինտեգրման հանձնաժողովներով: Սա, իհարկե, կատակ է, Հայաստանը պետք է հավատարիմ մնա Եվրաինտեգրման ուղղությանը և, անուամենայնիվ, շարունակի իր քաղաքականությունը դեպի Եվրոպա՝ դառնալով եվրոպական տիպի երկիր: