Կոնգրեսականը կոչ է արել ԱՄՆ Պետդեպին փրկել Հայաստանն ու ԱՊՀ այլ երկրներ Ռուսաստանի ճնշումից

11:30 • 20.09.13

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերի հանձնաժողովի անդամ, դեմոկրատ կոնգրեսական Էլիոթ Ինջելը նամակ է հղել ամերիկյան դիվանագիտության ղեկավար Ջոն Քերիին, որում կոչ է անում ԱՄՆ Պետդեպարտամենտին կտրուկ հանդես գալ Ռուսաստանի դեմ, որը փորձում է խոչընդոտել Ուկրաինային, Մոլդովային, Վրաստանին և Հայաստանին Եվրոպական միության հետ կապերի ամրապնդմանը, գրում է rosbalt.ru-ն։

 

Համապատասխան հաղորդագրությունը և նամակի տեքստը տեղադրված են կոնգրեսականի կայքում. «Ես կոչ եմ անում ձեզ կտրականապես դեմ հանդես գալ Ռուսաստանի ճնշմանը և պաշտպանել տարածաշրջանում մեր բարեկամներին։ Մենք պետք է շարունակենք ապահովել Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի՝ Եվրոպայում ուժեղ և զարգացող ժողովրդավարության կառուցմանը»,- ասվում է նամակում։

 

Միևնույն ժամանակ, կոնգրեսականը նշում է ԱՄՆ-ի կողմից «ինչպես խոսքով, այնպես էլ միջոցներով» այդ երկրներում բարեփոխումների անցկացմանն աջակցելու անհրաժեշտությունը, որոնք կարևոր են ԵՄ-ի հետ առավել սերտ տնտեսական և քաղաքական հարաբերությունների համար։

 

«Իհարկե, այդ պետությունները պետք է սերտ և կառուցողական կապեր ունենան իրենց հարևան երկրների հետ, այդ թվում նաև Ռուսաստանի։ Սակայն նրանք իրավունք ունեն նաև հարաբերություններ զարգացնել իրենց շահերին և արժեքներին համապատասխան»,- նշել է Ինջելը։