Սուրբ Աթոռում բացվել է ՀՀ դեսպանությունը. Վատիկանը կարող է դառնալ մեր դիվանագիտական կողմնակիցը. տեսակետ (լուսանկարներ)
Սեպտեմբերի 19-ին Սուրբ Աթոռում բացվել է ՀՀ դեսպանությունը, ինչին հետևել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ. Քրիստոնեության ընդհանուր ժառանգություն» լուսանկարչական ցուցահանդեսը՝ Հռոմի պատմական կենտրոնում գտնվող Պալացցո դելլա Կանչելերիա վատիկանյան պալատում:
Ցուցահանդեսը կազմակերպել են Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը` Մշակույթի Քահանայապետական խորհրդի (Սուրբ Աթոռի Մշակույթի նախարարության) հովանու ներքո:
Բացման հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել Իտալիայում և Սուրբ Աթոռում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը, Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրին (Leonardo SANDRI) և Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը:
Ելույթներում բանախոսները անդրադարձել են Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև առկա ավանդական բարեկամական կապերին, ընդհանուր մշակութային և հոգևոր ժառանգությանը:
Կարդինալ Լեոնարդո Սանդրին նշել է, որ Սուրբ Աթոռը միշտ առանձնահատուկ հարաբերություններ է ունեցել հայ ժողովրդի հետ, որոնք պայմանավորված են հայերի քրիստոնեական հին պատմությամբ: Նա վստահություն է հայտնել, որ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության բացումը կընդլայնի երկկողմ փոխադարձ աջակցության հարուստ ճանապարհը:
Դեսպանատան և ցուցահանդեսի բացմանը որպես մասնավոր անձ ներկա գտված BBC-ի թղթակից Մարկ Գրիգորյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց.«Ես եղել եմ, շատ տարբեր երկրներում բազմաթիվ միջոցառումների: Սա լավագույններից էր: Ես դա 100 տոկոսով կարող եմ վստահեցնել՝ և՛ հրավիրյալների տեսանկյունից, և՛ միջոցառման կազմակերպչական մակարդակից : Գիտեք, մեր կովկասյան սովորույթներից մեկը երկար ճառեր ասելն է, և ամեն ինչ այնքան ճիշտ ու լավ էր կազմակերպված, որ ամենաերկար ելույթն ունեցավ Վատիկանը ներկայացնող կարդինալը, ով շատ լավ նկարագրեց հայ-վատիկանյան և հայ-իտալական կապերի վիճակը, սկսած հայ միջնադարյան փիլիսոփաներից»:
Նշենք, որ միջոցառմանը ներկա են եղել շուրջ 350 հոգի, այդ թվում` Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների քարտուղար մոնսինիոր Դոմինիկ Մամբերտին /Dominique Mamberti/ (Սուրբ Աթոռի արտգործնախարար), Սուրբ Աթոռի արարողակարգի ղեկավար Մոնսինիոր Խոսե Բետանկուրը (Jose Bettencourt), Կաթողիկե դաստիարակության միաբանության նախագահ կարդինալ Զենոն Գրոչոլևսկին (Zenon Grocholewski), Սուրբ Աթոռում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Նեապոլի և Նարդոյի քաղաքապետարանների պատվիրակությունները, Անարատ հղության հայ քույրերի միաբանության, հայ համայնքի ներկայացուցիչներ, Սուրբ Աթոռում հավատարմագրված լրագրողներ:
Մարկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ ներկաների թվում է եղել նաև աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը:
Ի պատասխան հարցի, թե մատնաշվեցի՞ն ապագայում հայ-վատիկանյան կապերի ու համագործակցության կոնկրետ քայլեր ու նախաձեռնություններ, Մարկ Գրիգորյանը ասաց.«Գիտե՞ք, ընդունելությունների ժամանակ նման բաների մասին չեն խոսում: Ես, իհարկե, սկզբում մի քիչ կասկածամտորեն էի մոտենում, բայց հետո համոզվեցի, որ իսկապես, այ մարդ, երկու շատ կարևոր եկեղեցիներ են. Վատիկանը համաշխարհային մեծություն ունեցող եկեղեցի է, և կաթոլիկների թիվը աշխարհում 2 միլիարդից անցնում է: Եվ չունենալ այդ կարգի կողմնակից …Սա աշխարհի ամենամեծ կողմնակիցներից մեկն է, որը մենք կարող ենք ունենալ: Նկատի ունեմ՝ դիվանագիտական կողմնակից»։
Եվ հիմա, կարծում է Մարկ Գրիգորյանը, Հայաստանը կանգնեց ճիշտ ուղու վրա։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ. Քրիստոնեության ընդհանուր ժառանգություն» Ցուցահանդեսը այցելուների համար բաց է լինելու սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 19-ը:










