Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին ռազմական ոստիկանություն են տարել

15:34 • 20.09.13

Արդեն մի քանի ամիս է ազատամարտիկների սոցիալական խնդիրների լուծման պահանջով պայքարի դուրս եկած ազատամարտիկ, պահեստազորի փոխգնդապետ Վոլոդյա Ավետիսյանին ռազմական ոստիկանություն են տարել: Այս մասին Tert.am-ին հայտնեց ազատամարտիկ Ապրես Եղեյանը:


«Ոչ մեկ ոչ մի բան չի ասում, չգիտենք, թե ինչու են տարել, ոչ մեկ իր հետ էս ընթացքում չի կապվել Վոլոդյայի հետ, հեռախոսն անջատած ա»,- ասաց նա:


Թե ինչը կարող էր Վոլոդյա Ավետիսյանին ռազմական ոստիկանություն տանելու պատճառ հանդիսանալ, ազատամարտիկը դժվարացավ պատասխանել: Վերջինս զարմանք հայտնեց՝ ասելով, թե եթե Վոլոդյա Ավետիսյանը թոշակի է անցել և զինվորական չէ, ի՞նչ կապ ունի ռազմական ոստիկանության հետ:

 

Ըստ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալվել է ՀՀ քր. օր-ի 178 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով /խարդախություն՝ խոշոր չափերով/։


«Վ.Ավետիսյանը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղ. Հ.Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով, Հ.Զաքարյանից հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար գումար: 
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,– ասվում է հաղորդագրությունում: