Հունաստանում երեխաները լքված տանը 43.000 եվրո են գտել

12:08 • 21.09.13

Հունաստանի Յանինա քաղաքի լքված տներից մեկում մի խումբ երեխաներ 43 հազ. եվրո են գտել, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։

 

Տեղի բնակիչները նկատել են, թե ինչպես են երեխաները խաղում թղթադրամների հետ, պատռում դրանք. այդ մասին նրանք հայտնել են իրավապահ մարմիններին։ Երեխաները Յանինայի անվտանգության ծառայության աշխատակիցներին ցույց են տվել այն վայրը, որտեղ իրենք հայտնաբերել են «թաքնված գանձերը»։

 

Ոստիկանության անցկացրած հետաքննությունը բերել է 83-ամյա մի կնոջ մոտ, որն ապրում է լքված տան հարևանությամբ, որտեղ, ինչպես պարզվել է, նա պահել է իր ողջ խնայողությունները։

 

Կինը ոստիկաններին բացատրել է, որ 3 տարի առաջ իր բանկային հաշիվներից հանել է բոլոր փողերը՝ վախենալով, որ կկորցնի տնտեսական ճգնաժամի պատճառով։ Նա այդպես էլ չի կարողացել հիշել, թե որքան գումար է պահել այնտեղ։ Կնոջ խոսքով՝ նա հաշիվներից հանել է 50-70 հազ. եվրո։