Հյուսիսային Կորեան հետաձգել է Կորեական պատերազմի հետևանքով բաժանված ընտանիքների հանդիպումը

12:14 • 21.09.13

Հյուսիսային Կորեայի իշխանություններն անորոշ ժամանակով հետաձգել են 1950-1953թթ. Կորեական պատերազմի հետևանքով բաժանված ընտանիքների հանդիպումը, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին։

 

Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալության պաշտոնական հաղորդագրության մեջ նման որոշման պատճառ է նշվում Հարավային Կորեայի «թշնամական» քաղաքականությունը։ Ընտանիքների միավորումը կարող է կայանալ միայն այն ժամանակ, երբ երկու երկրների միջև կլինի բանակցությունների համար «նորմալ մթնոլորտ»։

 

Պաշտոնական Սեուլը դեռևս չի մեկնաբանել ընտանիքների միավորման հետաձգումը, որը պետք է կայանար սեպտեմբերի 25-30-ը՝ Հյուսիսային Կորեայի տարածքում։ Սպասվում էր, որ բարեկամների հետ կարող էր հանդիպել մոտ 100 մարդ՝ յուրաքանչյուր կողմից։